Խորհրդարանի պատմության առաջին անգամ օրենսդիր մարմինը կձեւավորվի ընդամենը 4 քաղաքական ուժից՝ 105 պատգամավորից, մինչդեռ նախորդ 5 գումարման ԱԺ-ներում առնվազն 5 ուժ է ներկայացված եղել:

1990թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Գերագույն խորհրդում ձեւավորվեցին «Արցախի կանչ» (26 պատգ.) եւ «Ազգայնական» (31 պատգ.), իսկ 1991թ. մարտի 6-ին` «Կոմունիստ» (25 պատգ.) եւ «Հանրապետություն» (21 պատգ.) պատգամավորական խմբերը: 1991թ. նոյեմբերի 28-ին ձեւավորվեց «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խումբը (10 պատգ.): ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր` 150 մեծամասնական եւ 40 համամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 1995թ. հուլիսի 5-ին: Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 5 կուսակցություն, որոնց միջեւ տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ. «Հանրապետություն» միավորում` 50 տոկոս (20 պատգ.), «Շամիրամ»` 20 տոկոս (8 պատգ.), ՀԿԿ` 15 տոկոս (6 պատգ.), ԱԺՄ` 7,5 տոկոս (3 պատգ.), ԱԻՄ` 7,5 տոկոս (3 պատգ.): Ազգային ժողովում ստեղծվեց նաեւ «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգ.): 21 պատգամավոր ընդգրկված չէր որեւէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում: Հետագայում ձեւավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգ.):

ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություն եւ պատգամավորական 3 խումբ: Պատգամավորական խմբակցություններն էին` «Միասնություն» (ստեղծվել է 10.06.1999թ., 46 պատգ.), «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (11.06.1999թ., 8 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (11.06.1999թ., 8 պատգ.), «Իրավունք եւ միաբանություն» (11.06.1999թ., 5 պատգ.), «Օրինաց երկիր» (10.06.1999թ., 4 պատգ.) եւ «Ազգային ժողովրդավարական միություն» (11.06.1999թ., 4 պատգ.), իսկ պատգամավորական խմբերն էին` «Ագրարային-ադյունաբերական ժողովրդական միավորում» (23.07. 2001թ., 11 պատգ., մինչ այդ «Կայունություն» (10.06.1999թ.)), «Հայաստան» (16.05.2000թ., 12 պատգ.) եւ «Ժողովրդական պատգամավոր» (16.04.2001թ., 16 պատգ.):

ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (13.06.2003թ., 40 պատգ.), «Օրինաց երկիր» (13.06.2003թ., 20 պատգ.), «Արդարություն» (13.06.2003թ., 14 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (13.06.2003թ., 11 պատգ.), «Ազգային միաբանություն» (13.06.2003թ., 8 պատգ.), «Միավորված աշխատանքային կուսակցություն (13.06.2003թ., 6 պատգ.), եւ մեկ պատգամավորական խումբ` «Ժողովրդական պատգամավոր» (13.06.2003թ., 16 պատգ.):

ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (64 պատգ.), «Բարգավաճ Հայաստան» (25 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (16 պատգ.), «Օրինաց երկիր» (8 պատգ.), «Ժառանգություն» (7 պատգ.): Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին: Դրանցում չընդգրկվեց 11 պատգամավոր:

ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություններ` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն (69 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն (37 պատգամավոր), «Հայ ազգային կոնգրես» խմբակցություն (7 պատգամավոր), «Օրինաց երկիր» խմբակցություն (6 պատգամավոր), «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն (5 պատգամավոր), «Ժառանգություն» խմբակցություն (5 պատգամավոր): Դրանցում չընդգրկվեց 2 պատգամավոր:

ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2017թ․ ապրիլի 2-ին։ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովում անցողիկ շեմը հաղթահարել են երկու կուսակցություն եւ երկու դաշինք, ըստ այդմ էլ՝ կստեղծվի չորս խմբակցություն։
Իշխող Հանրապետական կուսակցությունը կստանա 58 մանդատ, որից 28-ը՝ համապետական ցուցակով, 27-ը՝ ռեյտինգային ցուցակներով եւ եւս 3 թեկնածու՝ ազգային փոքրամասնություններից։ «Ծառուկյան» դաշինքը կստանա 31 մանդատ, որից 15-ը կլինի համապետական ցուցակով, 15-ը՝ ռեյտինգային ցուցակներով եւ եւս 1 թեկնածու՝ ազգային փոքրամասնություններից։ «Ելք» դաշինքը կստանա 9 մանդատ, որից 5-ը կլինի համապետական ցուցակով, 4-ը՝ ռեյտինգային ցուցակով։ Հայ հեղափոխական դաշնակցությունը կստանա 7 մանդատ, որից 4-ը կլինի համապետական ցուցակով, 3-ը՝ ռեյտինգային: