Ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի 5–րդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ մանդատ չեն ունենա 6–րդ գումարման Ազգային ժողովում։

Ըստ նախնական հաշվարկների՝ նոր խորհրդարանում չեն լինի «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրված, ԱԺ գործող պատգամավորներ Լյովա Խաչատրյանը եւ Հրանտ Դավթյանը։

Տարածքային ցուցակներով չառաջադրված եւ համապետական ցուցակներում էլ չընդգրկված, կամ անցողիկ տեղեր չզբաղեցրած որոշ ԱԺ պատգամավորների նույնպես այլեւս չենք տեսնի խորհրդարանում։ Նրանց թվում են Արմեն Ավետիսյանը, Գուրգեն Արսենյանը, Վահան Բաբայանը, Ռուստամ Գասպարյանը, Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո), Մուրադ Գուլոյանը (Գագիկ Ծառուկյանի խնամին), Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Աբրահամ Մանուկյանը, Վահագն Մախսուդյանը։

Նոր խորհրդարանում չեն լինի նաեւ նախկին ԲՀԿ–ական, ներկայում ՕՐՕ դաշինքի անդամներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը։

Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքը նախնական տվյալով 31 մանդատ կստանա՝ 15–ը համապետական, 15–ը՝ տարածքային ցուցակներով, եւս 1 մանդատ նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար։

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կներկայացնի ապրիլի 9-ին:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել նվազագույն շեմը:

ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը: