«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել դատախազի դեմ, որը դատական նիստի ժամանակ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Արայիկ Խանդոյանին ուղղված:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ապրիլի 4-ին քննվել է Արայիկ Խանդոյանի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա դրված արգելանքի դեմ պաշտպանի բողոքի քննությունը, որի ժամանակ էլ միջադեպ է եղել դատախազի եւ Արայիկ Խանդոյանի միջեւ:

Նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանը հայտարարել էր, որ Արթուր Սարգայանին «Հաց բերող» սպանել են ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանն ու դատախազը, որի ժամանակ էլ կողմերն սկսել են միմյանց վրա գոռգոռալ, փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով՝ դատախազն այդ ժամանակ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Արայիկ Խանդոյանին ուղղված:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):