«Ծառուկյան» դաշինքը որոշում է կայացրել չմասնակցել մայիսի 14-ին նախանշված Երեւանի ավագանու ընտրություններին: Այսօր՝ ապրիլի 8-ին դաշինքը տարածել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է.

«Հավատարիմ մնալով միշտ ձեր առջեւ անկեղծ լինելու իմ խոստմանը՝ տեղեկացնում եմ, որ իմ քաղաքական թիմի հետ քննարկումներից հետո «Ծառուկյան» դաշինքը որոշում է կայացրել չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ Վստահ եմ, որ երեւանցիները կընդունեն եւ կհարգեն իմ կայացրած այս որոշումը:

Դուք գիտեք, որ որեւէ ընտրության մասնակցությունն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Դուք գիտեք, որ իմ կարգախոսն է՝ ասված խոսքը, տրված խոստումն անպայմանորեն պետք է իրականություն դառնան:

«Ծառուկյան» դաշինքը կազմավորվել էր ԱԺ ընտրությունների նախաշեմին, եւ հանրությանը ներկայացել գրագետ մշակված ծրագրով եւ առաջարկությունների փաթեթով։ Ուստի, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երեւանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր եւ պատշաճ ծրագիր:

Մենք, իհարկե, գիտենք մեր քաղաքի բոլոր խնդիրները՝ վերելակների անմխիթար վիճակ, վթարային շենքերի առկայություն, մայրաքաղաքի արվարձանների բազում խնդիրներ, մշտական պրոբլեմ դարձած աղբահանության խնդիր, անբարեկարգ ճանապարհներ:

Հարգելի երեւանցիներ, այս եւ բազմաթիվ այլ լրջագույն պրոբլեմների լուծման համար անհրաժեշտ էր ներկայացնել փաստարկված եւ հիմնավորված՝ մայրաքաղաքին արժանի ծրագիր: Ցավոք, ժամանակահատվածը չափազանց կարճ էր նման ծրագիր կազմելու եւ հանրությանը ներկայացնելու համար:

Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին եւ երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի եւ դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների՝ մասնակցել որեւէ ընտրության: Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու եւ դրանք իրականացնելու:

Վստահ եմ, որ երեւանցիներն ըմբռնումով կմոտենան այս որոշմանը: Անկախ մեր կայացրած որոշումից՝ իմացեք, որ միշտ ձեր կողքին եմ եղել եւ ձեր կողքին եմ լինելու»: