Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրության համար հայտի ժամկետի ավարտից երկու օր առաջ դեռեւս չի հայտարարում ընտրությանը մասնակցելու կամ չմասնակցելու մասին: Մամուլում հրապարակվում են իրարամերժ տեղեկություններ, իսկ ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանը հայտարարել է, թե ժամանակ ունեն եւ որոշում դեռ չեն կայացրել:
Նա միաժամանակ ասել է, թե չունեն քաղաքապետի թեկնածուի խնդիր:Ուշագրավ է նաեւ այն, որ մասնակցության վերաբերյալ դեռեւս որեւէ կոնկրետ բան չի ասում նաեւ Դաշնակցությունը, ՀՀԿ կոալիցիոն ներկա եւ գուցե ապագա գործընկերը:Ի՞նչն է խնդիրը, ինչու՞ են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն «ուշանում», ի՞նչ են քննարկում այդքան երկար: Առայժմ հստակ է միայն ՀՀԿ-ի ու ԵԼՔ-ի մասնակցությունը: Եթե ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն մասնակցեն, ապա խաղն այսպես ասած կդառնա բազմազան, եւ այդպիսով ՀՀԿ-ն անկասկած շատ ավելի հեշտությամբ կիրականացն մեծամասնություն ստանալու ծրագիրը:
Փաստորեն, չմասնակցելով, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն՝ հատկապես ԲՀԿ-ն, քանի որ այդ ուժն է տնօրինում դժգոհ ընտրազանգվածի ձայների ահռելի մասը, կարող են որոշակի դժվարություն ստեղծել ՀՀԿ համար, որն իհարկե հազիվ թե լինի ճակատագրական, բայց փոքր ինչ կզրկի ՀՀԿ-ն կոմֆորտից:Արդյոք ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն որոշումն ուշացնում են, քանի որ ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին փորձում են պայման ներկայացնել, այսպես ասած ներկայացնել քաղաքապետի ընտրությանը մասնակցության եւ ՀՀԿ համար կոմֆորտի ապահովման գինը:
Երկու ուժերը մասնակցել են նախորդ երկու ընտրություններին: ՀՅԴ-ն երբեք չի հաղթահարել անցողիկ շեմը, իսկ ԲՀԿ-ն երկու ընտրությանն էլ՝ թե 2009-ին, թե 2013-ին զբաղեցրել է երկրորդ տեղը:Ի՞նչ պայման են դնում այդ ուժերը ՀՀԿ առաջ, նորից մասնակցելու առումով: Հատկապես երբ կրկին մասնակցելը ենթադրելու է ֆինանսական ծախս: Քաղաքի Ավագանում չորս ուժի տեղ թերես չկա, հետեւաբար եթե մասնակցեն, ապա նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ ՀՅԴ-ն, ստիպված կլինի դուրս մնալ:Թե՞ ՀՅԴ եւ Ծառուկյանի մասնակցության որոշումն ուշանում է, որովհետեւ ՀՀԿ-ում դիտարկում են ԵԼՔ-ի դեմ այսպես ասած մեն մենակ կամ դեմ դիմաց մնալու եւ «մաքուր հաղթանակի» տարբերակը, առանց շեղող ուժերի, այդպիսով փորձելով խորհրդարանի ընտրությունից հետո դաշինքի հանդեպ ձեռք բերել հոգեբանական մեծ առավելություն, երկար ժամանակի համար: