Վարչական դատարանը կարմիր գծերի տուգանքների մասով ուշագրավ վճիռ է կայացրել վերջերս, ինչը ԳԱԱ իրավագետ Տիգրան Սարգսյանին հիմք է տալիս քաղաքացիներին կոչ անել, որպեսզի մասսայաբար բողոքարկեն կարմիր գծերի տուգանքները՝ կաթվածահար անելով համակարգը:
«Այնքան նամակներ ուղարկեք, որպեսզի չկարողանան դրանց պատասխանել, իսկ չպատասխանելու բացասական հետևանքներն իրենք են կրելու»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ վերադասության բողոք գրելը շատ հեշտ է, մեկ էջից է բաղկացած, մարդիկ չպետք է ալարեն ու բողոքարկեն այդ տուգանքները:
Ինչպես հայտնի է, կարմիր գծերի արձանագրությունը կազմում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը և ուղարկում Երևանի քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը վարչական տույժ ներկայացնելու որոշում է կայացնում:
Մասնագետը մանրամասնեց Վարչական դատարանի վերոնշյալ վճիռը:
«Դատը հաղթել ենք 15 օրվա ընթացքում որոշում չկայացնելու համար, սխալ վարչարարության հետևանքով առաջացած ակտը առ ոչնիչ ճանաչելու հիմքով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 277-րդ հոդվածին հղումով: Մեր հայցադիմումներում սովորաբար 8 հիմնավորում էինք բերում, թե ինչու քաղաքացիները չպետք է վճարեն կարմիր գծերի համար: Այդ հիմնավորումներից են՝ կարմիր գիծ կոչվածն ընդհանրապես հակասահմանադրական է, տուգանքը համաչափ չէ, մարդկանց ազատ տեղաշարժելու իրավունքն է խախտում, մեր սեփականությունը հանդիսացող երթևեկության ուղղություններից մեկը գողացել ու դարձրել են ավտոկայանատեղի ու դրա վրա բիզնես կառուցել, խտրականության սկզբունքն է խախտվել, որովհետև մեծ տրանսպորտն էլ է վճարում 100 դրամ, փոքրն էլ և այլն: Այսինքն, մի շարք հիմնավորումներով մենք դատարանին ապացուցում ենք, որ ապօրինի են նրանց գործողությունները: Իսկ այս գործի առանձնահատկությունն է, որ դատավորը, բացի թվարկված 8 կետերից, ևս մեկ դրույթի վրա է ուշադրություն դարձրել՝ 277 հոդվածին, որն ասում է, որ վարչարարությունը հստակ պետք է լինի և սահմանված ժամկետներում», ասաց նա:
Այսինքն՝ եթե քաղաքացին տուգանվում է կարմիր գծերում կայանելու համար և եթե բողոքարկում է այդ որոշումը, իսկ վարչարարություն իրականացնող մարմինը չի հասցնում 15-օրյա ժամկետում որոշում կայացնել, այդ ամբողջ վարչարարությունը համարվում է ապօրինի: Իսկ ապօրինի կամ սխալ վարչարարության հիմքով ստեղծված ակտը առ ոչինչ է:
«Այդ հիմքով ես ուզում եմ մարդկանց կոչ անել, որ հազարներով բողոքներ ուղղեն կարմիր գծերի դեմ: Քաղաքապետարանի իրավաբանական վաչության մասնագետները ֆիզիկապես չեն հասցնի այդ բոլոր հայտերը մշակել, համապատասխան լուծում տալ դրանց: Այդ ժամանակ կլինեն անպատասխան նամակներ, որոնց հիմքով էլ մարդիկ կկարողանան մտնել դատարան՝ հղում տալով միայն օրենսգրքի 277 հոդվածին: Ըստ այդ հոդվածի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի կողմից ստանալու օրվանից սկսած 15 օրյա ժամկետում: Այսինքն՝ այս ժամկետի խախտումով կատարված վարչարարությունը սխալ վարչարարություն է, հետևաբար դրա արդյունքում կազմված ակտը պետք է ճանաչել ոչ իրավաչափ: Մենք կարող ենք արդեն հղում կատարել այս հոդվածի վրա, ասել՝ եթե 16-րդ օրը դու որոշում չկայացնես՝ ինձ տուգանում ես, թե բեկանում, ուրեմն դա պետք է ի նպաստ քաղաքացու գործի», ասաց մասնագետը:
Մանրամասները տեսանյութում