«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Արագած գյուղում հետընտրական իրավիճակը, մեղմ ասած, անմխիթար է: Armtimes.com-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ ընտրություններից հետո ԱԺ պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Հրանտ Գրիգորյանի որոշմամբ փակվել է գյուղի մանկապարտեզը, անջատվել է փողոցների լուսավորությունը:

Նշենք, որ Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից միայն Սեյրան Սարոյանն ու Նահապետ Գեւորգյանն են կարողացել այնքան ձայն ստանալ, որ պատգամավորական մանդատ ունենան: Նրանց հետ միասին ընտրապայքարի մեջ մտած Հրանտ Գրիգորյանը, որը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հորեղբոր որդին է, Արագած գյուղում երկու տեղամասի արդյունքներով (15/46 եւ 15/47 ընտրատեղամասեր) ստացել է ընդամենը 203 ձայն, մինչդեռ ընտրությանը մասնակցել է 1109 ընտրող:

Այցելելով Արագած գյուղ համոզվեցինք, որ մանկապարտեզն իսկապես փակ է: Համայնքի ղեկավար Աշոտ Կամավոսյանը չհերքեց ե´ւ մանկապարտեզի, ե´ւ փողոցային լուսավորության խնդիրները, սակայն այլ դրդապատճառներ ներկայացրեց: «Մանկապարտեզը փակվել է ամսի 1-ով (ապրիլի, հեղ.), քանի որ ունենք պարտքեր անցած տարված կարկտահարության հետ կապված: Ամբողջ տարին ոչ մի կոպեկ գումար չի հավաքվել: Ամսի մեկով գումար չլինելու պատճառով փակվել է, ինձ թվում է մայիսի 1-ից կաշխատի»,- ասաց Աշոտ Կամավոսյանը՝ նշելով, որ մանկապարտեզի սաների թիվը հասնում է մինչեւ 100-ի, իսկ աշխատակիցները՝ մոտ 12 հոգի են, որոնց աշխատավարձերը մոտ 1.7 միլիոն դրամ է կազմում՝ յուրաքանչյուր ամսվա համար:

Դիտարկմանը, որ մեր ստացած ահազանգի համաձայն՝ մանկապարտեզը փակվել է Հրանտ Գրիգորյանի պարտության հետեւանքով, Արագած համայնքի ղեկավարն այսպես արձագանքեց. «Չէ, նորմալ ընտրություն է եղել, ազատ, արդար: Ո՞վ ասեց պարտվել է, մեր մոտ ամենաշատ ձայնն ինքն է հավաքել: Չի կարող մի հոգի լինել, որ ասի՝ ես ասել եմ՝ սրան ձայն տվեք, նրան ձայն տվեք, չի եղել այդպիսի բան, բոլորին կարող եք հարցնել դա»:

Անդրադառնալով փողոցային լուսավորության խնդրին, գյուղապետը փորձեց եւս մեկ հիմնավորում բերել, թե ինչու է ապրիլի 2-ից հետո փողոցային լուսավորությունն անջատվել: «Փողոցային լուսավորությունը, ուրեմն՝ ծառ էին կտրել, ընկել էր, մոտ 30 լամպ այրված է, հիմա կարող եմ միացնել, տեսնեք: Հիմա փող ենք փոխանցելու, մայիսի 1-ից կամ 20-ից նորմալ կաշխատի»,- ասաց Աշոտ Կամավոսյանը՝ հաշվապահին հրավիրելով իր աշխատասենյակ, որպեսզի նա փաստի, որ գյուղապետարանը պարտքեր ունի: Այնուհետեւ մեր խնդրանքով գյուղապետարանի առաջատար մասնագետը փորձեց ցույց տալ հատված ծառերը, որոնք իբր վնասել են էլեկտրալարերը: Գյուղապետարանից մոտ 400 մետր հեռավորության վրա առաջատար մասնագետը մատնացույց արեց կտրված ծառերի բները, սակայն անզեն աչքով էլ երեւում էր, որ այդ ծառերը առնվազն տարիներ առաջ էին հատվել, քանի որ հատված տեղերը սեւացած էին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում