ՀՀ ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 12-ին, քառօրյա նիստերի գումարման համար կրկին քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր ընդամենը 17 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն:
Նիստը վարող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հումորով նկատեց. «Մեր շարքերը չեն նոսրանում, հուսով եմ՝ աստիճանաբար կվերադառնանք աշխատանքային հուն»: Նախօրեին գրանցվել էր 13 պատգամավոր:
Նա շնորհավորեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ տարածքային ընտրակարգով նորից պատգամավոր ընտրվելու առթիվ. «Նաեւ բոլոր իմ գործընկերներին, որոնք հասել են հաջողության եւ աշխատելու են նոր խորհրդարանում: Քանի որ պարոն Արզումանյանն ու Ռուբիկ Հակոբյանը երեկ դահլիճում չէին, բերեք այսօր նրանց հատուկ մի անգամ էլ ծափահարենք: Շնորհակալ եմ, կհանդիպենք ժամը 3-ին»:
Ի դեպ, սա արդեն երկրորդ քառօրյան է, որը ձախողվում է քվորում չլինելու պատճառով:
Նշենք, որ թեեւ ԿԸՀ-ն հրապարակել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, սակայն նոր խորհրդարանը դեռ չի ստանձնել իր լիազորությունները. դա տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստի օրը՝ ապրիլի 27-ին (եթե որեւէ ուժ չբողոքարկի ընտրությունների արդյունքները ՍԴ-ում):