Yelaket.am-ի զրուցակիցը քաղաքագետ Էդգար Խաչատրյանն է, ով մանրակրկիտ մեկնաբանեց հետընտրական պասիվության, ինչպես նաև  ընտրությունների արդյունքների շուրջ բոլորիս հուզող հարցերը:

  Իբրև սկիզբ, քաղաքագետից հետաքրքրվեցինք, թե որքանով էին կանխատեսելի ապրիլերկուսյան ընտրապայքարի արդյունքները. «Ոչ այնքան կանխատեսելի, որովհետև հստակ կուսակցություն կար, որը պետք է անցներ խորհրդարան, բայց չանցավ՝ դա ՀՎԿ-ն էր, որն, ըստ երևույթին, պետք է հաղթահարեր անցողիկ շեմը, սակայն ինչ-ինչ պատճառներով չհաղթահարեց: Թերևս սպառել էր վարչական ռեսուրսը: Գիտենք, որ նախկինում նախարարությունների ստորաբաժանումներում ունեցել է աշխատակիցներ, ովքեր այդ կուսակցության անդամներ էին, բայց սպառել էին իրենց, այդ իսկ պատճառով չհայտնվեց ԱԺ-ում», - ասաց նա, հավելելով, որ մնացածը բնական էր, որովհետև արդեն պարզ էր, որ ՀՀԿ-ն հաղթելու էր:

  Քաղաքագետի խոսքով, կանխատեսելի չէր նաև «ԵԼՔ»-ի այդպիսի ակտիվությունը. սկզբնական շրջանում, երբ դեռ ձայների հաշվարկն էր ընթանում, նրանք առջևում էին, բայց հետագայում հանրապետության ֆոնով դարձավ 8 տոկոսը, իսկ ՀՅԴ-ն ունի իր կայուն ձայները:

  Հասարակության դժգոհությունների և, այդուամենայնիվ, ՀՀԿ հաղթանակի ֆենոմենը մեր զրուցակիցը բացատրեց վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնով. «Բացի դրանից, կա աշխատանքի ուրվագիծ, որով հանրապետականները շարունակ հղկել են, իսկ մնացած կուսակցությունները այդ փորձառությունները չունեին ու չկարողացան օգտագործել», - նշեց նա:
Խաչատրյանը ընդծեց նաև, որ մեծ էր հանրապետական ռեյտինգայինների գործոնը, ովքեր կարողացան ձայներ ապահովել իշխող կուսակցությանը, իսկ խաղի կանոնները բոլորի համար էին: Հարցը հենց նրանում է, որ խնդիրը ոչ թե հանրապետականների արած-չարածի, այլ ընդդիմության մեջ է, ով չի ներկայացնում ծրագիր, որտեղ հստակ տեսլական կա, որը կօգնի երկիրը հանել ստեղծված իրավիճակից:

    Իսկ ինչ վերաբերում է պառլամենտական ընդդիմությանը, Խաչատրյանը նշեց, որ այս անգամ որևէ ընդդիմադիր ուժ («Ծառուկյան» դաշինք, «ԵԼՔ») չի կարող հավակնել բացարձակ ընդդիմություն լինելու, քանզի նոր կառավարման մոդելից բխում է, որ հանրապետականների շարքերում էլ կարող է հայտնվի անհատ, որ քննադատաբար մոտենա իշխող ուժի այս կամ այն որոշմանը: Բացի այդ, ընդդիմությունը նա չէ, ով ավելի բարձր է գոռում կամ հայհոյում, այլ նա, ով կառուցողական է մոտենում բոլոր հարցերին:

  Հետընտրական շրջանի պասիվությունն էլ բացատրվում է նրանով, որ պարտված ուժերից ոմանք տոլերանտ վերաբերմունք ցույց տվեցին ընտրությունների արդյունքներին, իսկ 2-3 տոկոս հավաքած ուժերն էլ եկան այն եզրակացության, որ ցածր վարկանիշ է, չի արդարացնի փողոց դուրս գալը և այնտեղ պայքար ծավալելը:

   Կապված առաջիկա երևանյան ընտրությունների հետ, Էդգար Խաչատրյանը նշեց, որ քաղաքային ընտրապայքարի անակնկալներից մեկն այն էր, որ բազմաթիվ կուսակցություններ, որոնք կարող էին հակակշիռ լինել առաջադրված եռյակին, հրաժարվեցին մասնակցել, իսկ Երևանում հաղթանակ ունենալը շատ կարևոր է, հինգ տարի անց պառլամենտում հայտնվելու համար:

   Խոսելով ֆեյսբուք-քաղաքականություն երևույթի մասին՝ քաղաքագետը նշեց, որ սոցցանցերում քարոզչություն իրականացնելը այդքան էլ նպատակահարմար չէ: «Գուցե առանձին դեպքերում՝ արդյունավետ է: Սակայն, ընդհանուր առմամբ, մեծ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա՝ չկարողացավ»:

Մանրամասները՝ տեսանյութում։