Կառավարության այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը զայրացավ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի վրա:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Արման Սահամյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի՝ պետք է օտարվի «Արաքս» ՓԲԸ-ի պետական 80 տոկոս բաժնեմասը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է զբաղվում այդ ընկերությունը, ինչին հնչեց պատասխան, որ այս պահին ոչնչով չի զբաղվում:

Արման Սահակյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչով է զբաղվել այդ ընկերությունը նախկինում:

«Իսկ ինչքա՞ն ժամանակ է, որ ոչնչով չի զբաղվում», - հարցրեց վարչապետը, ապա ինքն էլ հավելեց, որ «Արաքս» ՓԲԸ-ն չի աշխատում 2000 թվականից, արդեն 17 տարի է՝ անգործության է մատնված:

«Ընկերությունը գործունեությունը չի ծավալում 2000 թվականից, ունի 6 աշխատող, 17 տարի անց որոշում ենք օտարել: 17 տարի ինչ-որ նախապատրաստական աշխատանք ենք անում, հետո ասում ենք եկեք 80 տոկոս բաժնետոմսը կոլեկտիվին տանք: Կոլեկտիվը այդ 6 աշխատո՞ղն է: 17 տարի սպասել ենք, հիմա նոր որոշել ենք օտարենք: Այ էս բոլոր հարցերը մի հատ գույքագրեք, ձեռնարկությունը բան չի անում, ինչի՞ ենք տասնյոթ տարի սպասում», - զայրացավ վարչապետը: