Փրկարարները հայտնաբերել են նախօրեին Սեւանա լճում անհետացած քաղաքացու դին:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 07:53-ին որոնողական աշխատանքները վերսկսվել էին, իսկ արդեն ժամը 09:15-ին ափից 200 մ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են Հ. Ե.-ի դին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սեւանա լիճ (մոտ 50 մ) եւ չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Հ. Ե.-ը նավակով մտել էր Սեւանա լիճ եւ չի վերադարձել. Սեւանա լճում հայտնաբերվել էր դատարկ նավակ։

Ջրափրկարարները Սեւանա լճում իրականացրել էին Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների եւ ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին եւ շարունակվել արդեն այսօր: