Երեկ համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ» գրուպի ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին։ Նա յուրաքանչյուրի անունը բարձրաձայն կարդում էր, հայտարարում, թե ով ինչքան ձայն է բերելու ընտրությանը իրենց ղեկավար Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին։ Ով 0 ձայն էր գրել, իր անունը կարդալիս ստորացնում էին, ամոթանք տալիս, իսկ քվե ապահովողները արժանանում էին ծափահարությունների։ Այս ձայնագրության հայտնվելը հանրության որոշ շրջանակներ կապում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, քանի որ նրա փեսան՝ Արթուր Գեւորգյանը առաջադրվել էր նույն՝ թիվ 2 ընտրատարածքում եւ ձայներով 3-րդն էր՝ Արտակ Սարգսյանից հետո: Նման կերպ մտածողները նշում են, որ այս ձայնագրության շրջանառությամբ ցանկանում են Արտակ Սարգսյանին արգելել խորհրդարան մտնել, իսկ փոխարենը այդ մանդատը կստանա Արթուր Գեւորգյանը:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Համացանցի որոշ օգտատերեր, նաև որոշ լրատվամիջոցներ վերլուծություններ են անում ԱԺ ընտրություններին վերաբերող ինչ-որ ձայնագրությունների շուրջ՝ փորձելով դրանք վերագրել ոստիկանությանը: Այդ «վերլուծությունները» մեր հետաքրքրությանը չէին արժանանա, եթե հերթական անգամ դրանք ոստիկանությանն ու ոստիկանության պետին առնչելու փորձ չարվեր: Հետաքրքրություն շարժելուն միտված այս հնարքը իր հետևողականությամբ արդեն սկսում է սահմանակցել կանխակալությանն ու սադրանքին: Ուստի «վերլուծաբաններին» կոչ ենք անում վերադառնալ իրատեսության դաշտ»: