«Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես, Ուր քեզ սպասում են դեռ գիշերին, Ուր կամ սիրում են, կամ հայհոյում են, կամ հիշեցնում են անհիշելին»: Տողերը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանինն են, ում Երեւանի հոգս ու ցավերի նկատմամբ անտարբերության մեջ մեղադրել չես կարող: Թեեւ Երեւանի կառավարման գործին մասնակցել չի կարող՝ ի դեմս ավագանու անդամի, սակայն լիքը ասելիք, հիշեցնելիք, առաջարկ ու դիտողություն ունի՝ ուղղված նրանց, ովքեր ինքնակամ ստանձնել են մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործը: Պարոն Հախվերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը մեր մեջ նիրհող բոլշեւիզմն է, եւ, որպես այն թոթափելուն ուղղված քայլ, առաջարկեց ձերբազատվել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում տեղադրված Սուրեն Սպանդարյանի արձանից: Այն արձանից, որի տակ կանգնած՝ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը քարոզարշավ էր անցկացնում եւ այնքան էր խանդավառված իր առաջիկա նախագահությամբ, որ շփոթվել, Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհի արձան էր կոչում: Ռուբեն Հախվերդյանն իրեն հատուկ ոճով նշեց, որ «Սպանդարյան» ազգանունն ասոցացվում է սպանդի եւ արյան հետ (թեեւ ազգանունը բաղկացած է «սպանդար» բառից, որը նշանակում է մսագործ):

«Պիտի նախ էդ արձանը քանդեն-վերացնեն, մի մարդու արձան, որը մեր ազգը կոտորողներից մեկն է եղել, մեր ազգի դժբախտությունը… էդ անասուն բոլշեւիկը: Եվ դեռ դրա անվան դպրոց կա, որտեղ էլ տեղի են ունենում ընտրություններ (այդ՝ Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում էլ ապրիլի 2-ին քվեարկել են Սերժ եւ Ռիտա Սարգսյանները, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ խմբ.)։ Սա՝ մեկ: Երկրորդ՝ պիտի պատկան մարմինները շուտափույթ ձեռնարկեն մեր, այսպես կոչված՝ հիմնը փոխելը. դա նույն Գլազունովյան երաժշտությունն է, բառերի շեշտադրությունն էլ՝ սխալ: Դա գարշելի հիմն է, այն պետք է փոխարինել այլ հիմնով, այն հիմնով, որը նույնիսկ Արամ Խաչատրյանինը չէ»,- ասաց երգահանը: Հախվերդյանը, սակայն, նշեց, թե լիահույս չէ, որ պետական կառույցները, քաղաքապետարանը՝ մասնավորապես, ի գիտություն կընդունեն իր բարձրացրած հարցերը, գործի կանցնեն: «Այն ի վիճակի չէ անցնել գործի, քանի որ նրան ինչոր ասում են, նա դա էլ խելոք անում է: Մեզ մոտ էլ է, չէ՞, միապետություն»: 

- Պարոն Հախվերդյան, լուրեր են շրջանառվում, որ Դուք ցանկություն եք հայտնել, եւ Ձեզ առաջարկ է արվել ներգրավվելու Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակում: Ճի՞շտ է:

- Երբե՛ք, այդ ի՞նչ եք ասում, այ աղջիկ ջան, հլը մի հատ ուղեղով մտածեք: Ես կհամաձայնեի՞… Ինձ իրապես ոչ մի առաջարկ չի արվել, ես էլ նման ցանկություն չեմ ունեցել: Այսինքն՝ ես մասնակցեմ ինչի՞ն…

- Լինեիք Երեւանի ավագանու անդամ:

- Ցավդ տանեմ, ես նույնիսկ չգիտեմ, թե ավագանին ինչ բան է (ծիծաղում է՝ խմբ.):

- Ամեն դեպքում՝ ցանկություն չունե՞ք մասնակցել Երեւանի կառավարմանը, որպես երեւանցի, նաեւ Երեւանի մասին ստեղծագործող մարդ:

- Գիտեք, խնդիրներն էնքան շա՜տ են, շատ-շատ: Կարող եմ ասել, որ քաղաքի դիմագիծը բավականին այլանդակվել է, հատկապես Հրազդանի ձորի մասին կուզեի նշել: Ինձ շատ հետաքրքրում է, թե այդ վայրում գտնվող ռեստորանների կեղտաջրերը որտեղ են լցվում, արդյո՞ք գետը:

- Հավանաբար տեղյակ եք, որ Միքայել Պողոսյանը՝ Երեւանի մեկ այլ «երգիչ», ընդգրկված է ՀՀԿ ավագանու ցուցակում: Հրանտ Թոխատյանը, ով թեեւ նոր ցուցակում ներգրավված չէ, սակայն գործող ավագանու կազմում է: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին՝ լինել մի կուսակցության ցուցակում, որը, ոմանց կարծիքով, ժողովրդի արյունը ծծում է:

- Էդ վերջինը լավ ասացիր… Ի՞նչ եք կարծում՝ էդ մարդիկ, որ ընդգրկված են ցուցակում,կարծում եք՝ հարգարժա՞ն մարդիկ են: Հը՞…

- Եսի՞մ…

- Դե, ես էլ եմ ասում՝ եսի՞մ: Իրենք լավ դերասաններ են, վատ դերասաններ չեն: Դա իրենց գործն է՝ կլինեն, թե չեն լինի: Գիտեմ, հեսա կասեք՝ Հարութն էլ պարեց…

- Այո, Ձախ Հարութն էլ մինչեւ գետին խոնարհվեց Սերժ Սարգսյանի առաջ:

- Այսպես ասեմ՝ խոնարհվող մարդը խոնարհվում է, չխոնարհվողը՝ ոչ:

- Ենթադրե՞մ, որ Դուք չխոնարհվող արվեստի գործիչներից եք:

- Այդ ե՞րբ եք տեսել, որ ես խոնարհվեմ: …Ես 67 տարեկան եմ, ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել եւ 30 տարի է նույն բանն եմ ասում, սակայն ոչինչ չի փոխվում: Այսքանից հետո ի՞նչ եք ուզում ինձնից: Շուրջ 30 տարի է՝ ընտրություններն անարդար են տեղի ունեցել: Ես գիտեի, որ այս անգամ էլ է նույնը լինելու, ի՞նչ անեի:

- Պարոն Հախվերդյան, ամռանը ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքներին Ձեզ հաճախ էինք տեսնում, ելույթ էիք ունենում, իսկ հիմա կարծես ընդհատակ եք անցել: Տեղի ունեցան ԱԺ ընտրություններ, կրկին վերարտադրվեց այն իշխանությունը, որի դեմ էին դուրս եկել ՊՊԾ գունդը գրավողները: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Ես նույնիսկ չեմ էլ գնացել ընտրության, քանի որ գիտեի, որ նույն մարդիկ են ընտրվելու: Տեղեկություն էլ չունեմ ընտրության արդյունքների մասին եւ չեմ էլ ուզում ունենալ: Գիտե՞ք, մենք Ռուսաստանի, Պուտինի ֆորպոստ ենք: Ռուսական ցարն իր «նամեստնիկ» է նշանակում, նա էլ որոշում է՝ ում որտեղ դնի, այդքան բան:

- Դուք ո՞ւմ նկատի ունեք, վարչապետ Կարապետյանի՞ն:

- Նկատի ունեմ՝ Պուտինը նշանակում է իր հավատարիմ մարդկանց, այդքան բան:

- Իսկ որպես մտավորական…

- Ես մտավորական չեմ, հերիք է ինձ այդպես կոչեք:

- Լավ, այդ բառի հետ կապված որոշակի վերապահումները եկեք մի կողմ դնենք: Համաձա՞յն եք, որ Ձեզ արվեստի գործիչ կոչեմ:

- Լա՜վ:

- Մի դեղատոմս առաջարկեք այն մարդկանց, ովքեր դժգոհ են ընտրությունների արդյունքից, սակայն, իրավիճակից ելնելով, չեն արտահայտում իրենց բողոքը, պատուհանների արանքից ծիկրակում են, բայց փողոց դուրս չեն գալիս:

- Գիտեք՝ ամեն ինչ ուժային կառույցների ձեռքով է առաջ գնում, մենակ բանակը հերիք է, էլ չեմ ասում ոստիկանություն, գաղտնի՜ ոստիկանություն: Այնպես որ՝ մենք փակուղու առաջ ենք այսօր, վաղը՝ չգիտեմ:

- Փաստորեն, Դուք թեւ տալու փոխարեն մի տեսակ թեւաթափ արեցիք:

- Երիտասարդ տարիներին գուցե ավելի օպտիմիստ էի, բայց ոչ հիմա: Երեւի ամեն տարիք իրենն ասում է: Ես էլի եմ կրկնում՝ համաձայն չեմ համարյա այն ամենի հետ, ինչ որ արվում է, բայց ի՞նչ անեմ: Մի հատ լավ փոփոխություն եղավ, դա Արմենն էր Ամիրյան (մշակույթի նախարարը՝ խմբ.)։

- Ձեր ասած փակուղուց դուրս ելք տեսնո՞ւմ եք:

- Ոչ, քանի որ մենք, ինչպես արդեն ասացի, ռուսական սապոգի տակ ենք: Ու քանի դեռ այդպես է, ոչինչ էլ չի փոխվի: ․..Մեզ նման իրավիճակում մնում է դիմանալ, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինում: Ես տեսնում եմ, որ արդեն Թուրքիայի գլխին սեւ ամպեր են կուտակվում, կարծեմ՝ շատ ուժեղ զինվում են քրդերը: Գուցե տարօրինակ թվա, բայց ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը ճիշտ է անում, որ ամրացնում է, գոնե փորձում է ամրացնել կապերը եվրոպական երկրների հետ: Եվ կարծում եմ, որ մենք պետք է պնդացնենք նաեւ հայ-պարսկական դաշինքը: Եվ թող տարօրինակ չթվա, բայց ինչքան որ ռուսների ֆորպոստն ենք, այնքան էլ կարող ենք լինել պարսիկների ֆորպոստը: Մի երկրի, որի ահռելի մշակութային ժառանգության ազդեցությունը կրել ենք դարեր շարունակ:Նյութի աղբյուրը ` Hraparak.am