«ՍԱՍ Գրուպի»-ի սեփականատիրոջ անվան շուրջ սկանդալը շարունակվում է: 39 րոպեանոց ձայնագրությունը րոպե առ րոպե մեկնաբանվել է և՛ ԶԼՄ-ների և սոցցանցերի օգտատերերի կողմից: Զարմանալին նրանում է, որ մեր հասարակությունը շատ զայրացած է այդ փաստից: Սակայն այն ինչ տեղի է ունեցել «ՍԱՍ Գրուպի»-ի ղեկավարության և աշխատակիցների միջև, եղել է նաև այլ հիմնարկ-ձեռնարկություններում, ինչպես նաև բազմաթիվ կրթոջախներում: Միայն մեկ տարբերությամբ. շատ հանդիպումներ չեն ձայնագրվել, իսկ եթե ձայնագրվելել են, ապա անհրաժեշտության բացակայության պատճառով դրանք դեռ չեն հրապարակել: Այստեղ կարևորը այն հարցն է, թե ու՞մ էր ձեռնտու այս ամենը և ինչո՞ւ հիմա:

Եթե դպրոցների տնօրենների հեռախոսազրույցները, որոնցում նրանք բացահայտ ընդունում են, որ «ձայնահավաքությամբ» են զբաղված, բացահայտվեց ՀԿ-ի կողմից, ապա Արտակ Սարգսյանի անվան հետ կապված այս ձայնագրության հիմա ի հայտ գալը բավական խրթին է:

Նախ, պետք է արձանագրել, որ ձայնագրությունը բավական բարձր որակով է արված, ասինքն՝ պատվիրված է: Երկրորդը, պատվիրատուն միտումնավոր է այն հրապարակել հիմա՝ մինչ մանդատներ տալը, որպեսզի խայտառակի Ա.Սարգսյանին:

Եթե այս ամենը մանդատակռիվ է, ապա ՀՀԿ-ին սպասվում են բավական մեծ խնդիրներ: Ա.Սարգսյանի հետ կապված այս սկանդալը կարող է նախադեպ դառնալ: Ավելի ցածր հորիզոնականներ զբաղեցնող անհաջողակ թեկնածուները կսկսեն կոմպրոմատներ փնտրել առաջին հորիզոնականները զբաղեցնող հաջողակ թեկնածուների վրա, որոնք արդեն պատգամավոր են՝ հույս ունենալով, որ պախարակվելուց հետո վերջիններս ինքնակամ կհրաժարվեն պատգամավորությունից: Իսկ դրա արդյունքում ՀՀԿ-ում կսկսվեն լուրջ խմորումներ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են լինելու: Այդ բոլոր թեկնածուներն էլ մեծ գումարներ են ներդրել (խոսքը գնում է միլիոնավոր դոլլարների մասին) այդ մանդատը ստանալու համար և մինչև վերջ կպայքարեն այն պահպանելու համար:

Հ.Գ. Ռեյտինգային ցուցակ կոչվածը պատուհաս է դառնալու այդ համակարգով անցնողների համար: Հաջողակները կասկածելու են անհաջողակներին դավադրությունների մեջ՝ իրենց բոլոր բացասական հետևանքներով թե՛ այդ անհաջողակների, թե՛ հասարակության համար: Այս համակարգի առաջին զոհը Արտակ Սարգսյանն էր: Հետաքրքիր է, թե ո՞վ է հաջորդը:

Գագիկ Համբարյան