Հայ ազգային կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այդ պատճառով, ըստ օրենսդրության, երկու շաբաթով հետաձգվելու են «հետընտրական» գործընթացները՝ կապված նոր կառավարության ձևավորման, նոր պատգամավորների մանդատների բաշխման եւ այլնի հետ:
ՀԱԿ-ն իր դիմումին կցել է նաեւ երկու սկանդալային ձայնագրություններ՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների եւ ՍԱՍ-ի աշխատակիցների ժողովի: Ընդ որում, այս վերջին ձայնագրությունը կցվեց վերջին պահին՝ ՍԴ դիմելու օրը, քանի որ այդ օրն այն հրապարակվեց ԶԼՄ-ներում:
ՀԱԿ-ի ՍԴ դիմելու որոշումը տեղի է ունենում հետաքրքիր ժամանակ: Բանն այն է, որ ընտրությանը ամենաշատ ձայներ հավաքած ուժերը՝ ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը, առայժմ չեն հրապարակել պատգամավորների ցուցակները, թեեւ մանդատների թիվը հայտնի է վաղուց, եւ ԿԸՀ-ն էլ արձանագրությամբ հաստատել է վերջնարդյունքը:
Այս հանգամանքն իհարկե կապված չէ ՀԱԿ-ի դիմումի հետ: Այս երկու ուժերում, եւ հատկապես ՀՀԿ-ում տեղի են ունենում ներքին ինչ որ գործընթացներ, շարքերում անորոշություն է, քանի որ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանն առայժմ վերջնական որոշում չունեն կամ չեն հայտնում այդ որոշման մասին: Ավելի շուտ, թերեւս, չունեն՝ կապված հենց այդ գործընթացների հետ:
Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում հնարավոր կոալիցիաների, վերադասավորումների ու մանդատների բաշխման վերաբերյալ, եւ ըստ ամենայնի՝ այս գործընթացը ձգձգվում է: Դա բնական է, քանի որ ներկայում անցում է կատարվում խորհրդարանական կառավարման, այսինքն՝ փոխվում է իշխանության ձեւավորման տրամաբանությունն ու մոտիվացիան: Ընդ որում, սա «մեկանգամյա» ակտ չէ եւ ընդգրկում է շատ ավելի լայն խնդիրներ, որոնք կապված են առաջիկա տասնամյակի ներքաղաքական նոր ստատուս-քվոյի ձեւավորման հետ:
Այստեղ ակնհայտորեն խնդիրներ են առաջացել, քանի որ նոր իրավիճակը ենթադրում է նոր հանգամանքներ ու բարդություններ: Ինչպես ասում են հայ ուստաները՝ գործից գործ է բացվում: Եվ անհրաժեշտ է ժամանակ՝ այդ խնդիրները կարգավորելու համար: Եվ ահա, ՀԱԿ-ը դիմել է ՍԴ, որը Սերժ Սարգսյանին երկու շաբաթ «սահմանադրական» ժամանակ է տալիս:
Ի՞նչ որոշում է կայացնելու ՍԴ-ն՝ կարծես թե բոլորի համար պարզ է: Այդ որոշումը մի կողմից «լեգիտիմացնելու» է ընտրության արդյունքը, ինչը խիստ անհրաժեշտ է կառավարման նոր կարգի անցնելու համար, մյուս կողմից՝ «սպառելու» է հետընտրական որոշակի նստվածքը: Թե ՍԴ-ն, թե իշխանությունը եւ թե հատկապես ՀԱԿ-ը նման հարուստ փորձ ունեն քաղաքական տարբեր ժամանակաշրջաններում ու հանգամանքներում:
Այնուամենայնիվ, ՍԴ դիմելու հանգամանքն ու Սերժ Սարգսյանի ձգվող լռությունը չեն կարող անհանգստություն չառաջացնել իշխանական համակարգում, առավել եւս, որ ընտրությունները չեղյալ համարելու համար հիմքեր այնուամենայնիվ կան՝ ճաշակի ու նախապատվության հարց է:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը քաղաքական տարբեր հանգրվաններում ցուցադրել է քաղաքական դաշտի այլ խաղացողների միջոցով իրավիճակներ կարգավորելու եւ երբեմն «սադրելու» բազմաթիվ օրինակներ ու հմտություն: Իշխանական նոր ստատուս քվոյի ձեւավորման բարդ ժամանակաշրջանում այս երկու շաբաթվա ընթացքում Սարգսյանն այսպիսով չեզոքացնում է ներիշխանական տարբեր խմբավորումների հնարավոր նախաձեռնություններն ու ակտիվությունը՝ նրանց դնելով սպասման ու տագնապի ծանր ռեժիմում:
Չի բացառվում նաեւ, որ լուծվում է ՀՀԿ-ն «մաքրելու» խնդիրը, առավել եւս, որ պարբերաբար արտահոսքեր են լինում այլ ձայնագրությունների հնարավոր գոյության մասին:
Ներկայում «անիշխանության» շրջան է՝ ընտրությունը եղել է, բայց իշխանությունը դեռ չի ձեւավորվել: Սա որքանով վտանգավոր, նույնքան էլ մեծ պոտենցիալ պարունակող ժամանակաշրջան է: Օրինակ, ոչ միայն ՀՀԿ-ն «մաքրելու», այլեւ այլ ուժերից հնարավոր «դավադիրներին» անկյուններից հանելու առումով: Բանն այն է, որ ընտրությանը մասնակից բոլոր կուսակցությունները ստացել են այնքան ձայն, որքան ստացել են, իսկ ՀՀԿ-ն «ստացել» է այնքան, որքան իրեն պետք էր՝ սա իշխանությանը տալիս է լայն հնարավորություններ:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am