Այն, ինչ եղավ 1959-ի դեկտեմբերի 3-ին, ոչ մի արձանի բացումից հետո չէր պատահել:
Բացման հանդիսավոր, պաշտոնական մասն ավարտվեց, սպիտակ ծածկոցը ցած քաշվեց արձանի վրայից և նրա շուրջը խռնված հոծ բազմությունը, տեսնելով Դավթին թռիչքի պահին, մի պահ հիացած մնաց, և հետո պոռթկաց ծափահարությունը: Ասել, թե դա ծափահարություն էր, քիչ կլինի: Բոլոր ներկաներին համակել էր խանդավառ մի տրամադրություն: Ծափերին միացան ոգևորված բացականչություններ:
Արձանը իբրև արժեք գնահատելու համար ժամանակ չպահանջվեց: Ամենքը հասկացան, որ դա գեղարվեստական հոյակապ կոթող է, որ ինչքան էլ գովես՝ քիչ կլինի:

Ժողովուրդն իրեն տեսավ արձանի մեջ: Նրան մի պահ թվաց, թե դա մի արձանագործի ձեռքի աշխատանք չէ, այլ հավաքական ստեղծագործություն: Եվ չէր սխալվում, եթե ասվածը բառացի չհասկանանք:
Ոգևորության ալիքն ահագնացավ, երբ ասպարեզ եկան աշնակցիներն ու սկսեցին իրենց մարտաշունչ պարը: Ես մի փոքր հեռու էի կանգնած Քոչարից: Հուզված էր, գիտեր, թե ինչ արժեք է ստեղծել: Գիտեր, որ ժողովրդի սրտովն է իր տարիների աշխատանքը, բայց, ըստ երևույթին, չէր սպասում այդպիսի խանդավառության: Այն մարդը, որի միտքը միշտ զգաստ էր գործում, հիմա կանգնած էր շփոթ հուզմունքով:

Ժամերն անցնում էին, իսկ ժողովուրդը չէր հանդարտվում: Եվ տեղի ունեցավ անսպասելին: Արձանի չորս կողմը սեղաններ բացվեցին, կարպետներ փռվեցին և դրանց վրա հայտնվեցին գինի ու օղի, հաց ու պանիր, կանաչի ու երշիկ: Ժողովրդական հյուրասիրություն էր: Նախաձեռնողները մոտենում էին հեռու կանգնած մտավորականներին, խնդրում բաժակ բարձրացնել, մի խոսք ասել, միանալ իրենց ուրախությանը: Քոչարն անընդհատ շրջապատման մեջ էր: Փաթաթվում էին, համբուրում, ծունկի գալիս:
«Տեսնո՞ւմ ես ինչ է կատարվում: Միտքդ պահիր այս բոլորը, – ասաց ինձ Քոչարը, երբ մոտեցա իրեն: – Սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է: Դու լավ գիտես, թե ինչեր եմ քաշել, և հանկարծ … Չեմ կարծում, թե մի ուրիշ քանդակագործ այս բախտին արժանացած լինի աշխարհում: Գիտես, չէ՞, ինչու եմ ասում: Դավիթն իմն էր մինչև հիմա, էլ իմը չէ, ժողովրդի՛նն է: Արվեստի իսկական բախտը սա է»:
Նյութի աղբյուրը՝ magaghat.am