«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԱՍ գրուպի» «նախընտրական ժողովի» վերաբերյալ ձայնագրության շուրջ հասարակական-քաղաքական ակտիվ քննարկումները շարունակվում են: Դրանք առավելապես կենտրոնացած են ընտրական գործընթացի համատեքստում, եւ մարդիկ փորձում են հասկանալ, բացատրել, մեկնաբանել, թե ինչքանով է ձայնագրությունը վկայում ընտրական գործընթացի կեղծված լինելու մասին, ինչքանով է հիմք տալիս գործընթացը հայտարարելու անօրինական, չեղարկելու արդյունքը կամ թեկուզ մասնակի՝ միայն «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի մասով կասկածի տակ դնելու արդյունքը:

Այսինքն՝ այստեղ նաեւ առաջանում է զուտ ներիշխանական շերտ, քանի որ եթե Արտակ Սարգսյանը վայր է դնում մանդատը, ապա այն կարծես թե հասնում է նույն ընտրատարածքում նրան հաջորդող ռեյտինգային մյուս թեկնածուին՝ Արթուր Գեւորգյանին: Այստեղ ինտրիգն այն է, որ Գեւորգյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան է: Վովա Գասպարյանը հայաստանյան ներիշխանական համակարգում վերջին մի քանի տարիներին զբաղեցնում է առանցքային դերակատարում: Ավելին՝ 2013 թվականի նախագահի ընտրությանը փաստացի հենց Գասպարյանն է «հանգցրել» հետընտրական հրդեհը՝ հայտնի «աղոթքի ուժով»:

Ընդհանրապես, եթե փորձենք դիտարկել ներքաղաքական զարգացումները՝ սկսած այդ ժամանակաշրջանից, ապա ակնհայտ է դառնում, որ ոստիկանապետ Գասպարյանն այդ առումով եղել է բացահայտ կամ ստվերային, սակայն հիմնական առանցքում: Հենց Գասպարյանն էր ոչ իշխանական ուժերի թավշյա հեղաշրջման առաջին թիրախը 2014-ի ապրիլից հետո, երբ նրանք վարչապետի պաշտոնում նշանակեցին Հովիկ Աբրահամյանին: 2014-ի աշունը կարող էր դառնալ «ոստիկանապետի աշունը», բայց Վովա Գասպարյանը կարողացավ «սառը ցնցուղով» անցնել հակագրոհի եւ պահել իր դիրքերը ու նաեւ Սերժ Սարգսյանին, որովհետեւ նրա անկումը կլիներ արդեն վերջին բաստիոնը Սարգսյանին տանող ճանապարհին, քանի որ այլեւս չկար որեւէ մեկը, որը զանգվածներին կտաներ «աղոթելու»:

2015-ին Վովա Գասպարյանն արդեն «Էլեկտրիկ Երեւանի» առանցքում էր՝ «դիրիժորությամբ» եւ միաժամանակ նաեւ «դերասանական վարպետությամբ» կառավարելով, թեժացնելով եւ սառեցնելով իրավիճակը, որում, ինչպես պարզվեց, լուծվում էին բավական խոշոր արտաքին քաղաքական եւ տնտեսական խնդիրներ Ռուսաստանի հետ: Դրանց հանգուցալուծումից հետո Գասպարյանը «քոչարիով» հանգուցալուծեց նաեւ Բաղրամյանի շարժումը:

Վերջապես 2016 թվականի հուլիսը, ՊՊԾ գնդի գրավումը, որտեղ Գասպարյանը հրապարակում չկար, սակայն բավական նկատելի էր տողատակում, ինչն արտահայտվում է մինչ օրս եւ արտահայտվեց նաեւ օրերս Ոստիկանության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի ուղերձում, որտեղ նա բարձր պրոֆեսիոնալիզմի համար գնահատում էր ոստիկանության պահվածքը հուլիսյան իրադարձություններին, երբ թվում է, որ դրանք հենց ոստիկանության «կիքսի» պատճառով էին՝ ՊՊԾ գնդի վատ պաշտպանվածության եւ նաեւ գուցե վատ օպերատիվ-կանխարգելիչ աշխատանքների:

Այդպիսով, վերջին հնգամյակում ոստիկանապետ Վովա Գասպարյանը եղել է իշխանության առանցքում, եւ նրա շուրջ ծավալվել են իսկապես հանգուցային զարգացումներ: Այդ իմաստով խիստ խորհրդանշական է հետընտրական ձայնագրային սկանդալում էլ Գասպարյանի ոչ ուղղակի, սակայն նկատելի «ներկայությունը»՝ որպես հեռակա «շահառու», որի փեսան կարող է հայտնվել խորհրդարանում, եթե ՍԱՍ-ի Արտակը ստիպված լինի վայր դնել մանդատը:

Սակայն այստեղ, իհարկե, ամենաուշագրավ հարցն այն է, թե արդյոք դրանով չի՞ եզրափակվի Գասպարյան «առանցքի» դերակատարումը՝ փակելով անցնող հինգ տարին, քանի որ խորհրդարանի ընտրությունից հետո իրադարձությունները եւ ներիշխանական իրականությունն այլեւս թեւակոխում են նոր փուլ՝ նոր տրամաբանությամբ, ուժերի նոր հարաբերակցությամբ, որտեղ արդեն առանցքը Վովա Գասպարյանը չէ, կամ պարզապես ոստիկանապետի գործառույթը չէ առանցքայինը: Եվ ավելին՝ նա կարող է լինել նոր առանցքի ձեւավորմանը կամա թե ակամա խոչընդոտող հանգամանք՝ նկատի առնելով հնգամյա առանցքի դերում Գասպարյանի շուրջ ձեւավորված շահերի որոշակի համակարգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում