Դիլիջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում Կարեն Կարապետյանին հարց են ուղղել, թե ինչ երաշխիք, որ նրան ընտրելու պարագայում հաջորդ հինգ տարիներին կլինի վարչապետ: Ինչպես հայտնի է, հաջորդ հինգ տարիներին հենց վարչապետն է լինելու պետության առաջին դեմքը: Կարեն Կարապետյանը կատակել է, թե դա երեւի մարզպետի հուշած հարցն է: Բայց, պարզվել է ավելի ուշագրավ մի բան՝ հարցը տվել է Դիլիջանի միջազգային դպրոցի աշխատակիցը:Ինչպես հայտնի է, Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրը Ռուսաստանից հայ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն է, որը նոր որակի բերող ներդրումներ եւ բարեգործական ծրագրեր է անում Հայաստանում, եւ դրանցից ակնառուներից մեկը Դիլիջանի միջազգային դպրոցն է:Իհարկե դա չի նշանակում, որ դպրոցի հիմնադիրն է հուշել իր աշխատակցին՝ տալ այդ հարցը վարչապետին, բայց իրավիճակն իսկապես խորհրդանշական է, եւ տրված հարցը կարող է խորքում դիտարկվել նաեւ հենց Ռուբեն Վարդանյանի հարց Կարեն Կարապետյանին:
Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո առաջին արձագանքներից մեկը հենց Ռուբեն Վարդանյանինն էր: Ընդ որում, ոչ միայն առաջին, այլ նաեւ բավական հստակ եւ միարժեք արձագանք: Վարդանյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի նշանակումը մեր «վերջին շանսն» է, եւ «երկրորդ շանս չի լինելու»:Գնահատականը ուշագրավ է նրանով, որ այն հնչեցնում է ոչ թե Կարեն Կարապետյանի կամ ՀՀԿ որեւէ սազանդար կամ ապոլոգետ, այլ մարդ, որը մեծ հաջողության է հասել բիզնես աշխարհում միջազգային մասշտաբով, ըստ այդմ բավական անկախ է, միաժամանակ կայացած եւ ռացիոնալ մտածող:Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է, որ Կարեն Կարապետյանի նորամուտն այդպիսի «քարտ-բլանշով» ուղեկցող Վարդանյանը դրանից հետո գործնականում եղել է կառավարության գործունեության հանդեպ մի կողմ քաշված կարգավիճակում, համենայն դեպս հրապարակային մակարդակում:Բացառված չէ, որ խնդիրն այստեղ կապված է հենց այն հարցի հետ, որ հնչում է Կարեն Կարապետյանի դիլիջանյան հանդիպմանը:
Այդ հարցը Կարեն Կարապետյանի «շուրջ» թեւածում է վաղուց, ընդ որում՝ միանգամայն հիմնավոր:Ի վերջո, եթե Կարեն Կարապետյանը փորձում է հանրությանն ու գործարար աշխարհին ներկայանալ իբրեւ փոփոխության խորհրդանիշ, ինչպես նրան ներկայացրել է Սերժ Սարգսյանը, ապա բնականաբար առաջանում է պարզ հարց՝ իսկ այդ խորհրդանիշը կարո՞ղ է հակարծ փոխվել 2018 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը:Իսկ այդ հարցը Սերժ Սարգսյանը թողնում է բաց՝ թե ինչ է անելու ինքը, կամ ում է նանակելու վարչապետ: Տեւական ժամմանակ հարցը բաց էր թողնում նաեւ Կարեն Կարապետյանը, թեեւ վերջերս հայտարարեց, որ 2018-ի համար այլեւս չի ունենա 4 տարի մշտական բնակության սահմանադրական արգելք: Այսինքն, Կարապետյանն ակնարկեց, որ ինքն առնվազն հավակնելու է վարչապետի պաշտոնին 18-ից հետո, եւ եթե լինի խոչընդոտ, ապա դա հաստատ օրենքը չի լինելու:
Այդ դեպքում ի՞նչը: Այստեղ իհարկե տարբերակները բազմաթիվ են, թեեւ ընդհանուր առմամբ հանգում են իշխող համակարգին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն ինքն էլ այստեղ կարող է չլինել վճռորոշ գործոն, քանի որ նա էլ իր որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ոչ միայն իր ցանկությունները, այլ նաեւ հնարավորություններն ու իրողությունները:Ըստ այդմ, առանցքայինը ոչ թե այն է, թե ինչ կուզի Սերժ Սարգսյանը, այլ այն, թե նա ինչ ստիպված կլինի անել: Ըստ այդմ, առանցքայինն այն է, թե արդյոք Կարեն Կարապետյանը կարող է «նվաճել» վարչապետի պաշտոնը 2018-ին: Եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող է թե որեւէ քաղաքացի, թե առավել եւս որեւէ ներդրող հույս կապել, եւ հատկապես որեւէ բան պայմանավորվել նրա հետ:Այլ կերպ ասած, տվյալ պարագայում Կարեն Կարապետյանի հարցում խնդիրը դեռ նույնիսկ «երկրորդ շանս» լինել-չլինելը չէ, այլ այն, թե արդյոք ընդհանրապես շանս որպես այդպիսին նա ձեւավորվե՞լ է, դարձել գործոն եւ կարող է իր վրա վերցնել քաղաքական պատասխանատվություն:«Ամբողջ խնդիր նա ա, որ ես ձեզ չպիտի երաշխավորեմ, դուք էդ շանսը ինձ պտի տաք:

Հիմա, եթե դուք էդ շանսը տաք, դրանից հետո ինձնից կպահանջեք», Դիլիջանում հնչած հարցին պատասխանել է Կարեն Կարապետյանը: Դա բազմիմաստ պատասխան է: Մի կողմից միանգամայն տեսանելի է ռացիոնալությունը, այն իմաստով, որ Կարեն Կարապետյանն իսկապես հստակ պատկերացնում է, որ 2018-ից հետո վարչապետ մնալու հարցում իր շանսը հանրության աջակցությունն է: Մյուս կողմից, սակայն, հանրությունը 25 տարիների ընթացքում շատերին է աջակցել «ավանսով», «հավատալով»՝ այն էլ ընդդիմադիր արմատական տրամադրություններով հանդես եկող շատերին, բայց ի վերջո կանգնել կոտրած տաշտակի եւ համակարգի վերարտադրության իրողության առաջ:

Այդ դեպքում մարդիկ առավել եւս չեն մտնի միեւնույն գետը այն դեպքում, երբ նույնիսկ արմատական ընդդիմադրի հետ գործ չունեն, այլ համակարգային որոշում հանդիսացող վարչապետի: Հետեւաբար, մարդիկ կարող են շանս տալ միայն շոշափելի գործերի եւ գործոնի դեպքում, երբ համոզված կլինեն, որ ջուրը չի ընկնելու հավատի հերթական պարտիան եւ չեն կանգնելու համակարգի վերարտադրության հերթական փաստի առաջ:Եթե դա տեղի է ունենալու թեկուզ Կարեն Կարապետյանի կամքից անկախ, կամ հակառակ նրա ցանկության, եւ թեկուզ նրա պարտության պատճառով, ապա դա հազիվ թե մխիթարություն լինի հերթական անգամ ձեռնունայն մնացող հանրության համար:Ինչպես Կարեն Կարապետյանն է նախընտրում խոսել չինովնիկների հետ՝ «թուղթ ու գրիչով», այդպես էլ հանրությունը շանս կտա միայն «թուղթ ու գրիչով» խոսելու դեպքում:
Աղբյուր՝ Lragir.am