ՀՀ հատուկ քննչական ծառայությունում «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրության հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 154²-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Այսպես, հիշյալ թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, դեռեւս չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ եւ այլ առավելություններ:

Ընտրողներին դրամ եւ այլ առավելություններ խոստանալու`վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154²-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ հիշյալ հոդվածը ենթադրում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 2 000-ապատիկից 2 500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Hayastan24 կայքը հրապարակել է «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:

Ըստ մամուլի տեղեկությունների վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: