Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ դարձյալ ակտիվացել են քննարկումները ԱՄՆ նախագահի ուղերձի կապակցությամբ, դրանում ցեղասպանություն բառի օգտագործման սպասման առումով: Կարտասանի՞ Թրամփը ցեղասպանություն բառը, թե՞ ոչ, հնչում են այս օրերին հարցադրումները և ակտիվանում, որքան մոտենում է ապրիլի 24-ը: Այդպես է գրեթե ամեն տարի, և ամեն ապրիլի 25-ին հայությունը դիմավորում է որոշակի հիասթափությամբ, որ այս անգամ էլ աշխարհի գերհզոր պետության ղեկավարը չարտասանեց այն բառը, որ ուզում էինք լսել: Թրամփի դեպքում կա մի տարբերություն: Եթե նախկինում ԱՄՆ նախագահներն իրենց ընտրարշավների ընթացքում ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խոստումներ էին տալիս հայկական համայնքին, կազմակերպություններին՝ մեկ միլիոնից ավելի հայության ձայներին հավակնելու համար, ապա 2016 թվականի նախագահի ընտրությանը ոչ միայն Թրամփը, այլ նաև նրա մրցակից Հիլարի Քլինթոնը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններում մեղմ ասած շռայլ չէին, եթե չասենք, որ նրանց թիմերը ընդհանրապես անտեսել էին այդ թեման և այն չդարձրին քննարկվող հարցերի մաս:

Դժվար է ասել, թեման ինքն էր այլևս անհետաքրքիր կամ ոչ հրատապ, մոտեցումնե՞րն են փոխվել ԱՄՆ-ում, հայկական համայնքի ձա՞յնը այլևս էական չէին համարում թեկնածուները, թե՞ պարզապես ամեն ինչ կլանել էր այսպես ասած ռուսական թեման, Պուտինի «ձեռքը» և այլն: Բոլոր դեպքերում, եթե նախկին նախագահները հայկական համայնքի առաջ ունեին տված որոշակի խոստումներ, ինչպես, օրինակ, Բարակ Օբաման, ապա ներկայիս նախագահ Թրամփը, և եթե նույնիսկ նախագահ դառնար՝ նաև Հիլարի Քլինթոնը, հայկական համայնքի առաջ պարտավորված չէին լինի որևէ բան անել կամ ասել ցեղասպանության ճանաչման թեմայով:

Այդուհանդերձ, պարտավորված, թե ոչ, աներկբա է, որ որևէ բան ասելը պայմանավորված է լինելու տվյալ իրավիճակում քաղաքական շահի և հեռանկարների համադրությամբ, և եթե համարվի անհրաժեշտ, ապա Թրամփը կասի ինչ որ բան, ինչ որ նոր բան՝ անկախ նրանից, խոստում տվել է, թե ոչ: Իսկ եթե անհրաժեշտ չհամարվի, ապա խոստումները, ինչպես մենք տեսել ենք նախորդ դեպքերում, շատ արագ մոռացվում են, և այստեղ իհարկե մանկան նման նեղանալ կամ խաբված զգալ պետք չէ, պետք է ընդամենը հասունանալ և գիտակցել, որ գործ ունենք մեծ քաղաքականության հետ, որտեղ առաջնորդվում են շահերով, և, հետևաբար, մենք էլ ունենք մեր շահերը այնպես ձևակերպելու և ներկայացնելու խնդիր, որ միջազգային օրակարգում կարողանանք հասնել դրանց համահունչ քայլերի: Իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ հայկական Սփյուռքի համար վաղուց ժամանակն է դուրս գալ հայկական հարցի սպասարկման բոլորովին նոր մեթոդաբանության դաշտ, որի առանցքում կլինի հայկական պետականությունը: Ոչ թե կառավարությունը, այլ պետականությունը:

Միջազգային շահերի համակարգում Հայաստանը չունի որպես սուբյեկտ ներկայանալու առավել արդյունավետ միջոց, հետևաբար հայկական որևէ հարց պետք է ներկայացվի հենց այդ միջոցի պրիզմայով: Դա չի նշանակում, որ հայկական պետությունը պետք է հանդես գա որևէ պահանջատիրության շարժման առաջնորդողի դերում: Խոսքն այն մասին է, որ հայկական Սփյուռքը և հայկական պետականությունը պետք է համատեղեն ջանքը պետականության շահը միջազգային ասպարեզում ձեակերպելու և ներկայացնելու հարցում, այսինքն՝ Հայաստանի միջազգային սուբյեկտության ձևավորման և արեալի ընդլայնման հարցում: Հայկական հարցը, ցեղասպանության խնդիրը այստեղ առժամանակ կարող են նույնիսկ չշոշափվել ուղղակիորեն, բայց պետական սուբյեկտության ամրապնդման, դրա միջազգային դերակատարության բազմավեկտոր բարձրացման էֆեկտը անկասկած կզգացվի նաև հայկական հարցի սպասարկման ծանրակշիռ գործակցի հասնելու վրա: Հայաստանի անկախությունից ի վեր՝ 25 տարվա ընթացքում պետք է տեղի ունենար այդ տրանսֆորմացիան, սակայն այդ ժամանակը բաց է թողնվել: Երբ մինչև անկախ Հայաստանի գոյությունը Սփյուռքը իր ներկայիս մեթոդաբանությամբ հետամուտ էր հայկական հարցին, դա լիովին հասկանալի էր, Սփյուռքն այդ միջոցով փորձում էր գործոն լինել միջազգային հարաբերությունների այն համակարգում, որտեղ մյուս խաղացողները հարաբերությունների իրավա-քաղաքական, ռազմա-քաղաքական սուբյեկտներ էին, իսկ հայությունը՝ ոչ:

Արդեն 25 տարի կա հայկական պետականություն, բայց հայկական հարցում գործունեության մեթոդաբանությունը շարունակում է մնալ նույնը, և ավելին՝ ինչ որ տեղերում նույնիսկ որոշակի հակադրության վիճակում հայտնվում պետական շահի և ռազմավարության տեսանկյունից, հաճախ նույնիսկ պետականությունն է անպատեհ կերպով ներքաշվում հին մեթոդաբանության շրջանակ: Վաղուց ժամանակն է մոտեցումների, մտածողության ու պատկերացումների փոփոխության միջոցով գալ մեթոդաբանության և սկզբունքի փոփոխության: Դրա էֆեկտիվությունը շատ արագորեն կսկսի զգացվել ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, այլ մի շարք այլ քաղաքական, տնտեսական և ռազմա-քաղաքական հարցերում, որոնք Հայաստանի պետական շահի և անվտանգության տեսանկյունից տեսանելի ապագայում գուցե առավել կարևոր են: