«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, մամուլը գրում է, որ մինչ պատգամավորության մանդատը վերցնելը՝ որոշել եք կադրային ջարդ անել, աշխատանքից հեռացրել եք Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Լևոն Պողոսյանին և Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Աշոտ Կարապետյանին: Ինչո՞վ եք բացատրում Ձեր այս քայլը և ինչո՞ւ ընտրություններից հետո:

– Մամուլի տեղեկատվությունն անլուրջ եմ համարում և չեմ ուզում անդրադառնալ դրան: Այո՛, ես աշխատանքից ազատել եմ Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին, քանի որ մինչ այդ նա ենթարկվել է կարգապահական տույժի: Դուք գիտեք՝ «Հետքում» տպագրվեց, որ նրանք թույլ են տվել խախտումներ, որի վերաբերյալ հիմա նյութեր են հավաքվել իրավապահ մարմինների կողմից: Մենք ուսումնասիրություններ ենք կատարել, արդյունքում նա ազատվել է աշխատանքից:

Դուք հարցնում եք՝ ինչու ընտրություններից հետո, բայց մենք անընդհատ ընտրությունների մեջ ենք, սակայն կյանքը շարունակվում է, և մենք աշխատում ենք: Հանրապետության վարչապետի կողմից ընտրություններից հետո ուղարկվել են Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններն ամբողջությամբ, որը ներկայացրել է Վերահսկիչ պալատի նոր նախագահը, և այդ այդ հանձնարարականի ուսումնասիրությունից հետո համապատասխան աշխատակազմը ազատելու է նրանց աշխատանքից, որովհետև հանձնարարականները չկատարելը և ուսումնասիրությունների արդյունքները մեզ նոր են ուղարկել, քննարկումներ կլինեն: Ինչ վերաբերում է Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի ազատմանը, դա չի համապատասխանում իրականությանը, բայց քննարկումների արդյունքում նա նույնպես հաստատ կազատվի աշխատանքից:

– Վերահսկիչ պալատը բացահայտե՞ց առկա խնդիրները:

– Ոչ, բազմիցս մեզ մոտ եղել է քննարկում, ամեն տարի տրվել են խիստ հանձնարարականներ, բայց հանձնարարականների հարցում նորից թերացել են: Սևանի սոցիալական ծառայության պետը երկու անգամ արժանացել է կարգապահական տույժի՝ խիստ նկատողության, Մարտունու սոցիալական ծառայության պետը՝ երեք անգամ: Եվ որքանով ես տեղեկացված եմ՝ նյութեր են նախապատրաստվում իրավապահ մարմինների կողմից:

Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է կատարել ՀՀ չորս մարզերի սոցիալական ծառայություններում, և այդ ուսումնասիրությունների արդյունքները ամփոփել և ուղարկել է բոլոր մարզերին, ոչ թե միայն Գեղարքունիքի մարզին: Հիմա պարզ է, չէ՞, ինչու համար պետք է Գեղարքունիքի մարզպետը ընտրությունից հետո, ինչպես դուք եք հայտարարում՝ մանդատը ստանալուց առաջ նման քայլեր աներ: Բայց ոչ մեկը ինձ մանդատ չի տվել, և ես շարունակում եմ իմ աշխատանքը:

– Ձեզ ավելի շատ տեսնում եք խորհրդարանո՞ւմ, թե՞ մարզպետի աշխատանքը շարունակելիս:

– Անկեղծանանք… ես երբևէ ինքս չեմ որոշել՝ որտեղ պետք է աշխատեմ, ես կուսակցության խորհրդի անդամ եմ և մարզային խորհրդի նախագահ արդեն շուրջ 14 տարի, և կուսակցության գործադիր մարմինը որտեղ որոշի, այնտեղ էլ ես կշարունակեմ իմ աշխատանքը: Իսկ մինչ այս պահը, այն, ինչ կայքերում և լրատվամիջոցներում տարածվում է, դրանք իրականության հետ աղերս չունեն: Ամենը որոշ մարդկանց մտքի հղացումն է: Այս պահի դրությամբ ընտրություններից հետո ոչ մի քննարկում տեղի չի ունեցել: Եվ բազմիցս ասել եմ՝ շարունակում եմ իմ աշխատանքը՝ մինչև քննարկումը. ՀՀԿ գործադիր մարմինը՝ նախագահի գլխավորությամբ, որ տեղում նպատակահարմար գտնի, այնտեղ էլ ես կշարունակեմ իմ աշխատանքը: