«Սովորական աշխատում էինք գրասենյակում, երբ հայհոյանքներով ներխուժեցին 4 հոգի»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Արմեն Սողոմոնյանը, որը մարմնական վնասվածք է ստացել փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած հարձակման ժամանակ:

«Մինչեւ ուզեցի տեղիցս վեր կենալ, ինչ-որ բանով հարվածեցին: Մի պահ չեմ հիշում, հետո երբ շրջվեցի՝ ճակատիս եւ աչքիս վնասվածքներն այդ ժամանակ եմ ստացել: Ինչ-որ երկաթե իրով էին հարվածում եւ պաշտպանվելիս մատս էլ վնասվեց: Ինչով որ հարվածում էին Սիմոն Բաբայանն ու իր հետինը, ձեռքից ընկավ: Վերցրեցին ու փախան դուրս: Ակնթարթներ տեւեց այդ ամենը»,-ընդգծեց Սողոմոնյանը:

Հարցին, թե ճանաչո՞ւմ է հարձակվողներին, նա դրական պատասխան տվեց նշելով, որ կոնկրետ իրեն հարվածել են եւ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, եւ նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, եւ եւս մեկը, որին դեմքով ճանաչում է, բայց անունը չգիտի:

Փաստաբանը նշեց, որ այդ ընթացքում որեւէ խոսակցություն չի եղել, միայն հայհոյել ու հարվածել են. «Եթե պատրաստված լինեինք, հաստատ այսպես չէր լինի, իրենք չէին կարող: Ուղղակի խուլիգանի նման հարձակվեցին»:

Նա համոզմունք հայտնեց, որ այս ամենի թիկունքում կանգնած է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը. «Հարձակվողները նրա մանկլավիկներն են: Եթե իրենց թվում է, որ այս ամենի տակից կարող են դուրս գալ ու մարսել, չարաչար սխալվում են: Սա հարիր չի ոչ տղամարդուն, ոչ էլ փաստաբանին: Եթե տղամարդ լինեին, ուզում էին հարց լուծել, կարող էին նորմալ պայմանավորվել, հանդիպել: Բայց նրանք ոչ նորմալ փաստաբան են, ոչ էլ նորմալ տղամարդ»:

Հարձակման է ենթարկվել նաեւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որը նույնպես նշեց, որ ճանաչում է հարձակվողներին. «Գրասենյակում աշխատում էի, Արմեն Սողոմոնյանն էր այստեղ, եկան փաստաբանական պալատի աշխատողներ, Փաստաբանական դպրոցի տնօրենը, նախագահի խորհրդականներ եւ էլի մի աշխատող: 4 հոգով էին, փորձեցին իմ աշխատողին դուրս հանել, ես չթողեցի, հետո հարձակվեցին մեզ վրա եւ հաջողվեց մեզ ծեծի ենթարկել՝ անակնկալի բերելով:

Հայհոյախառն հարձակում էր, եւ համոզված եմ, որ մեր պայքարը Փաստաբանների պալատի անարդարությունների դեմ բերեց սրան: Այսինքն դիմակները պատռվեցին: Թող թեկուզ այսպես, բայց մեր ժողովրդին օգուտ լինի»:

Աթանեսյանը նշեց, որ առանց որեւէ խոսակցության ուղղակի հարձակվել են, հայհոյանքներով. «Անձնական ոչ մի բան չի եղել, մենք ինչ արել ենք, արել ենք հրապարակային, հիմնավորված, եթե ինչ-որ բան էլ արել ենք սարկազմի տեսքով, միայն եղել է ի պատասխան իրենց գործողությունների: Փաստաբանների պալատի նախագահն անձամբ չի մասնակցել այս գործողություններին, բայց համոզված եմ, որ իր հանձնարարությամբ է եղել»,-ընդգծեց Աթանեսյանը՝ նշելով, որ հարձակվողները փորձել են խեղդել իրեն:

Նշենք, որ շտապօգնության աշխատողները տեղում բուժօգնություն ցուցաբերեցին Արմեն Սողոմոնյանին եւ նշեցին, որ նա անպայման պետք է դիմի հիվանդանոց, որովհետեւ ճակատին կար պետք է դրվի։