Երեխայի տեսակցության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նախկին կնոջ, զոքանչին եւ աներոջ կացնահարության գործով այսօր` ապրիլի 28-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող Վաչագան Մանսուրյանը: Նա ներկայացրեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Վաչագան Մանսուրյանը պատմեց, որ տվյալ օրը վիճաբանություն է տեղի ունեցել երեխայի տեսակցության շուրջ, որից հետո ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, թե իրեն Մանսուրյանները ծեծի են ենթարկել: Որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել Թագուհի Մանսուրյանին եւ նրա մորը: Իսկ Վլադիկ Մարտիրոսյանին փորձել են բերման ենթարկել, սակայն, նա չի հնազանդվել եւ այդպես էլ ոստիկանությունը նրան բերման չի ենթարկել: Վաչագան Մանսուրյանը պատմեց, որ, երբ ոստիկանության բաժանմունքից աղջիկն ու կինը վերադարձել են տուն, խնդրել են իրենց ուղեկցող ոստիկաններին նայել` արդյոք տարածքում է Վլադիկ Մանսուրյանը, թե ոչ: Ոստիկաններն առանց մեքենայից դուրս գալու ասել են` մաքուր է, ոչ ոք չկա, հանգիստ բարձրացեք: Նա նշեց,որ դեպքը տեղի է ունեցել ոստիկանության անգործության պատճառով:

«Այդ օրը բանալին հանել էի, որ եթե հանկարծ քնեմ, ներս մտնեն: Ես տանն էի մնացել, որ երեխայի մոտ մնամ, Վլադիկը հանկարծ չմտնի, մի բան անի: Գիշերը ժամը 4-ն էր, աղմուկ աղաղակ լսեցի: Դուռը բացեցի, տեսա, որ կնոջս է կացնով հարվածում: 11 հատ էլ հարված էր հասցրել ինձ, եթե չպայքարեի` աղջիկս էլ կմեռներ: Պառկած էր ոտքերիս տակ, գոռում էր` վայ մամա ջան: Նա գազանի նման արագ հարվածներ էր հասցնում: Արագ ոստիկանություն եմ զանգել, պարզ հասցեն ասել եմ, որ երեք հոգու կացնահարել են, հասեք: Ոստիկանությունը որ գար, այդպես չէր լինի: Հետո դուրս գալուց հետո տեսա, որ երեխան դուրս էր եկել, կանգնել էր մոր արնաշաղախ մարմնի մոտ ու գոռում էր` մամա: Հարեւանին եմ ասել, որ երեխուն հեռացնի այդտեղից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նշենք, որ նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: