Կեղծ դիպլոմներ տրամադրելու մեջ մեղադրվող՝ Հայաստանում գործող ոչ պետական երկու բուհերի ռեկտորներ դատարանի որոշմամբ մեղավոր են ճանաչվել: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

«Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ-ում գործող թվով 3 ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված 3 քրեական գործերից 2-ը 2017 թվականի փետրվարին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Ամբաստանյալների միջնորդությամբ դատաքննություններն անկացվել են արագացված կարգով և դատարանի կողմից ռեկտորները մեղավոր են ճանաչվել: Երրորդ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում»,- ասվում է ԱԱԾ գրավոր պատասխանի մեջ:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց։ Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, եւ թե այլ անբարենպաստ հետեւանքների առաջացման ռիսկերը:

Առերեւույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական ԲՈՒՀ-երի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առեւտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) եւ առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար: