Անաշխատունակ խավը եւ նրանց զբաղվածության խնդիրը հայտնվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում։

Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Պետական սոցիալական աջակցության ծրագրերն, ըստ նրա, ուղղված են լինելու միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին, երեխաներին։

Արտեմ Ասատրյանը նշեց, որ 18-63 տարեկան աշխատունակ անձին, որը չունի որեւէ կարգավիճակ, շահագրգռելու են եւ ուղղորդելու են դեպի աշխատաշուկա, նրա միավորները աջակցության ծրագրերում նվազեցվելու են։ Փոխարենը ավելացվելու են երեխաների միավորները, որոնք իրենց եկամուտը չեն ստեղծում։

Ըստ նախարարի՝ իրենք նպատակ ունեն բացահայտելու թաքնված զբաղվածությունը եւ ստվերում գտնվող գործունեությունը։ Իսկ պաշտոնական տվյալներով՝ այսօր ՀՀ-ում կա 80 հազար գործազուրկ եւ 96 հազար աշխատանք փնտրող։

2017թ․ հունվարի 1-ից, Արտեմ Ասատրյանի հավաստմամբ, բնական գազի սպառման դիմաց մեղմացված սակագնով վճարման արտոնությունից օգտվում է մոտ 76205 անապահով ընտանիք, իսկ էլեկտրաէներգիայի սպառման դիմաց մեղմացված սակագնով վճարման արտոնությունից օգտվում է մոտ 124 330 անապահով ընտանիք։ Իսկ մեղմացված սակագնով վճարում են սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ունեն 20․00 միավորից բարձր անապահովության միավոր (ընտանեկան նպաստի իրավունքից օգտվում են 30 եւ ավել միավոր ունեցող ընտանիքները)։

Ընտանիքների կարիքները գնահատելու մասին էլ են մտածել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։

«Օրինակ, երեխան դպրոցից դուրս է մնացել, սա ու՞մ խնդիրն է»,- հարցնում է Արտեմ Ասատրյանը։ Նա նկատեց, որ դպրոցը կամ ուսուցիչը չեն կարող զբաղվել սոցիալական խնդիրներով։ Այդ իսկ պատճառով, ըստ նրա, պետք է մտածել սոցիալական աշխատողի ինստիտուտը կայացնելու մասին, որպեսզի սոցիալական աշխատողը ահազանգի դեպքում զբաղվի նման խնդիրներով։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կա ծրագիր, որպեսզի մայրերին հնարավորություն տրվի երեխայի խնամքը զուգակցել ուսման եւ աշխատանքի հետ։

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նոր Աշխատանքային օրենսգրքի ճակատագրով։

Արտեմ Ասատրյանը նշեց, որ իրենց նպատակը գերփոքր ձեռնարկություններին ավելորդ վարչարարությունից, թղթաբանությունից ազատելն է։ Նա տեղեկացրեց, որ ավելի համալիր ուսումնասիրություն են անցկացնելու, որի հիման վրա էլ կստեղծվի նոր Աշխատանքային օրենսգիրք։ Արտեմ Ասատրյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականով նոր Աշխատանքային օրենսգիրք ստեղծելու համար տրվել է 9 ամիս ժամկետ։

Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել «Սոցփաթեթի ծրագիրը»։

Արտեմ Ասատրյանն ասաց, որ քննարկումներ են եղել աշխատանքային խմբի շրջանակներում, որը համակարգում է տնտեսական զարգացման նախարարությունը, եղել են առաջարկություններ, որ քաղաքացիներին ավելի մատչելի ծառայություններ մատուցեն։ Բովանդակային առումով, ըստ նախարարի, շատ փոփոխություններ նախատեսված չեն։Նյութի աղբյուրը ` Hraparak.am