Քալիֆորնիայի Փասադենա քաղաքում երեքշաբթի անհետ կորած 5-ամյա հայ երեխայի հայրը հայտարարություն է հրապարակել՝ խնդրելով օգնել գտնել որդուն:

«Ես հուսահատորեն փորձում եմ գտնել որդուս՝ Արամազդ կրտսերին, եւ հանրության օգնության կարիքն ունեմ: Ես հույս ունեմ եւ աղոթում եմ իմ միակ երեխայի անվտանգ վերադարձի համար»,- փաստաբանի միջոցով փոխանցած հայտարարությունում նշել է 35-ամյա Արամազդ Անդրեասյան ավագը:

Ըստ KTLA-ի՝ վերջին անգամ երեխային տեսահսկման խցիկներն արձանագրել են ապրիլի 20-ին, երբ հոր հետ հեռացել է Դիսնեյլենդից:

Անդրեասյան ավագը նշել է, որ վերջին անգամ որդուն տեսել է Հարավային Փասադենայի իր տան հարեւանությամբ գտնվո Արոյո զբոսայգում: Նա հավելել է, որ նախաճաշից հետո որդին ցանկացել է զբոսայգի գնալ՝ մոր հետ հանդիպելուց առաջ: Ավելի ուշ երեխայի հորը գտել են Արոյո արգելոցի տարածքում, անգիտակից վիճակում. նա պառկած է եղել մեքենայից ոչ հեռու, երեխան նրա հետ չի եղել:

Տղամարդը նշել է, որ վերջին անգամ երեխային հիշում է իր հետ այգում զբոսնելիս, իսկ հետո գիտակցության է եկել հիվանդանոցում:

Քննիչներն արգելոցում փնտրել են կորած տղային, բայց ապացույցներ չեն գտել, որ երեխան եղել է այնտեղ: