Ապրիլի 20-ի կառավարության նիստում վարչապետը բորբոքված խոսում էր աղբահանության խնդրի մասին: Նա ասում էր, որ ուր գնում ես՝ մարզեր, համայնքներ, զբոսաշրջային վայրեր, ամենուր աղբ է: Նա հանձնարարականներ էր տալիս նախարարներին, առաջարկում խստացնել պատիժները:
Վարչապետն այս հարցով դիմեց նաեւ ոստիկանապետին. «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:
Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, թե չեն կարող այդպես անել: «Եթե պետք ա՝ օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ դուք տուգանվում եք և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»:
10 օրն անցել է, եւ հետաքրքիր է՝ ինչ ռեժիմ ունենք հիմա, ինչպես ասել է վարչապետը: Թերեւս ոչինչ էլ փոխված չի լինի, ինչպես ցանկացած հանձնարարականից ու որոշումից հետո, որոնք վերաբերվում են հանրային-պետական խնդիրներին:
Սակայն վիճակն այլ է համակարգային իրողությունների առումով: Վարչապետի ու ոստիկանապետի «երկխոսությունը» խորհրդանշական է ներկայիս ներքաղաքական զարգացումների համատեքստում: Կարեն Կարապետյանը հայտարարել է «համակարգային փոփոխություններ» ու ծրագրեր, որոնք չեն կարող չառնչվել Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգի քրեա-օլիգարխիկ սեգմենտի, կամ ինչպես վարչապետն է ասում՝ ֆեոդալների շահերին:
Սակայն ստեղծվել է յուրահատուկ իրավիճակ՝ վարչապետի հարազատ կուսակցությունը հաղթանակ է տարել հենց «ֆեոդալների» հավաքած ձայների շնորհիվ, ու թեեւ նրանց մի մասը խորհրդարան կարծես թե չի մտնելու, այնուամենայնիվ «նստվածքը մնում է»: Ճիշտ է, այդ հաղթանակն ապահովվեց վարչապետի բարձր վարկանիշի ցուցանակի ներքո, սակայն Հայաստանում «նաղդի ու նիսյայի» հարցում առաջնայինը «նաղդն» է:
Իր հերթին, «համակարգային փոփոխությունները» պահանջում են նաեւ իրավապահների հանդեպ վերահսկողություն, ինչը վարչապետը չունի, եւ տեսականում կարող է ունենալ 2018-ի ապրիլից հետո, եթե շարունակի պաշտոնավարել որպես վարչապետ:
Քրեա-օլիգարխիայի իշխանությունն ու կենսագործունեությունը երկիրը թաղել է աղբի մեջ, բառի թե ուղիղ, թե պատկերավոր նշանակությամբ: Կյանքի բոլոր ոլորտներում ու ասպարեզներում՝ հոգեւոր ու աշխարհիկ, քաղաքականություն, մշակույթ, բարքեր ու մոտիվացիա: Ավգյան ախոռները ժամանակին օրինակ էր բերում Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց Հայաստանն արդեն Ավգյան ախոռներ էլ չէ, որը կարելի էր մաքրել ջրի ուժեղ հոսքով:
Հասկանալի է, թե ինչ նկատի ունի վարչապետը «համակարգային փոփոխություններ» ասելով: Դա համակարգի տրանսֆորմացիան է եւ իշխանական նոր ստատուս-քվոյի ձեւավորումը, որի շահառուներից մեկն էլ Կարեն Կարապետյանն է:
«Բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա». Վովա Գասպարյանի պատասխանն անկեղծ խոստովանություն էր՝ «այդպես չենք կարող»: Իրավապահները, այդ թվում ոստիկանությունը, ոչ թե իրենց սահմանադրական գործառույթն են իրականացրել, այլ՝ հանրության օրինական պահանջներից համակարգի պաշտպանությունը:
Մյուս կողմից, Վովա Գասպարյանը պետք է վստահ լիներ, որ վարչապետը սահմանում է խաղի նոր կանոններ եւ երաշխավորում է դրանք: Այստեղ ահա վստահություն չկա, առավել եւս, որ ներկայում անորոշություն է 2018-ի հեռանկարի մասով:
Վարչապետը Վովա Գասպարյանին փաստացի 10 օր ժամանակ տվեց կողմնորոշվելու: Ոստիկանապետն էլ ընտրեց սպասման ակտիվ ռեժիմը. «Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am