«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դեռ գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայում: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Հարցին, թե Պերմյակովի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որտե՞ղ նա պետք է կրի պատիժը, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ դա պետք է որոշի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: «Ինձ թվում է, նրան կտեղափոխեն Ռուսաստան»,- ասաց պաշտպանը: Հարցին, թե ինչո՞ւ, նա պատասխանեց՝ Պերմյակովը Ռուսաստանի դատապարտյալ է:

Դիտարկմանը, որ Պերմյակովը նաեւ Հայաստանի կողմից է դատապարտվել, Աղաջանյանն ասաց, որ ի սկզբանե Պերմյակովը ՌԴ-ի կողմից դատապարտված է եղել, երբ հայաստանյան դատավարությունը սկսվել է:

Այս օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ: Մեր ճշտող հարցին, թե հնարավո՞ր է այդ քաղաքացին Պերմյակովն է, Աղաջանյանը ասաց, որ նման տեղեկությունների չի տիրապետում, միաժամանակ ընդգծելով, որ տեսականորեն փոխանակումը չի բացառում: Վերջինս, սակայն այլ փակագծեր չբացեց, նշելով, որ որեւէ կոնկրետ տեղեկություններ չունի:

Հրաչյա Հարությունյանին ռուս զինծառայողով փոխանակելու վերաբերյալ մամուլի տեղեկությունները մեր զրույցում հերքեցին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ շեշտելով, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Վճռաբեկ դատարան է ուղարկվել միանգամից երկու հայց՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցի ու փաստաբան Արամազդ Կիվիրյանի կողմից։ Պարզվել է, որ երկրորդ բողոքն էլ է նույն ճակատագրին արժանացել։ Կիվիրյանը Վճռաբեկ դատարանից պահանջում էր բեկանել դատավճիռն ու գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին քննելու համար: Ինչը մերժվել է:

Այսօր մեր զրույցում Արամազդ Կիվիրյանն ասաց, որ երկու օր առաջ են ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը: Այժմ քննարկվում է հայցի մասով ՄԻԵԴ եւ Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Հարցին, թե ինչո՞ւ ՍԴ, Կիվիրյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ եւ՛ առաջին ատյանի դատարանը, եւ՛ հետագայում վերաքննիչ դատարանը պատճառաբանել էին, որ Քրեական դատավարության օրենսգրքում անձը զրկված է նման պահանջ ներկայացնելու իրավունքից: Դա, իմ կարծիքով, հակասում է սահմանադրական մի շարք նորմերի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: