Ադանայի համալսարանական կլինիկայի բուժքույր 22-ամյա Մերվե Քելեշը անճանաչելի է դարձել պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո։ Վիրահատությունից կես ժամ հետո աղջկա շրթերն այնքան են այտուցվել, որ նա այլեւս չէր կարողանում բացել բերանը։ ՀԻմա աղջիկը հիվանդանոցում է։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, վիրաբույժը, որը վիրահատել էր Մերվե Քելեշին, Ադրբեջանում է կրթություն ստացել։ Աղջիկը համացանցում տեսել էր Սոներ անունով պլաստիկ վիրաբույժի գովազդը ու որոշել էր նրա օգնությամբ փոխել շրթերի ձեւը։ Սկզբում բժիշկը աղջկա շրթերի մեջ ներարկել էր ժամանակավոր նյութ ՝ 500 լիրա արժողությամբ, որը մեկ շաբաթից ներծծվել էր։ Հետո աղջիկը վիրահատության էր ենթարկվել տան պայմաններում, քանի որ բժիշկն ասել էր, որ կլինիկան, որտեղ ինքն աշխատում է, վերանորոգման պատճառով փակ է։ Վիրահատության համար Սոները Մերվեից հազար լիրա է վերցրել։ Սակայն կես ժամ հետո աղջկա շրթերը սկսել են այտուցվել ու նրան հոսպիտալիզացրել են։

Կլինիկայում պարզվել է, որ բժիշկը աղջկա շրթերի մեջ ինչ -որ անհայտ նյութ էր ներարկել, ինչից նրա մոտ ուժեղ ալերգիա էր սկսվել։ Երբ Մերվեն ինքն իրեն տեսել է հայելու մեջ՝ նա բողոք է ներկայացրել բժշկի դեմ։ Հետաքննության ընթացքում Սոները հայտնել է, որ ինքը ոչ թե պլաստիկ վիրաբույժ է, այլ կանացի վարսավիր է։ Նրա խոսքով աղջիկը պարզապես ուզում է դրամ շորթել իրենից, դրա համար է հավաստիացնում, որ վիրահատությունն ինքն է արել։

Սակայն իր «Ինսթագրամ» էջում Սոները տեղեկություն էր հրապարակել, որ պլաստիկ վիրաբույժ է, որը ուսում է ստացել Ադրբեջանում։ 18 օրվա բուժումից հետո բժիշկները այդպես էլ չեն կարողացել պարզել, թե ինչ նյութ է ներարկված եղել Մերվե Քելեշի շրթերի մեջ։