«Ծառուկյան» դաշինքում պառակտում կա: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ծառուկյան» դաշինքի կողմից Վայոց Ձորի մարզից ընտրված Սերգեյ Բագրատյանը:

«Եթե այս իրավիճակը ճիշտ եւ արագ չվերլուծվի, պատճառները վեր չհանվեն, մեղավորները չպատժվեն, իհարկե պառակտում կա»,-հայտարարեց նա:

Հարցին՝ կլքե՞ք ԲՀԿ-ն, նա արձագանքեց. «Ընթացքում կտեսնենք, դեռ որոշում չունեմ: Մեզ հետ չեն զրուցել ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց: Դա առիթ է տվել, որ մենք էլ իրենց չներկայանանք: Սա անհարգալից վերաբերմունք է բոլորիս հանդեպ: Փորձել եմ պարզաբանում ստանալ, փորձել եմ կապվել, չի հաջողվել»:

Հարցին, թե ինքնաբացարկի դիմում չի՞ գրել, Բագրատյանը պատասխանեց. «Դիմում գրել ենք, բայց այդ դիմումի բովանդակությունը չի համապատասխանում այն գործառույթին, որն այսօր արվել է: Այսինքն այդ դիմումով այսօր ինքնաբացարկ չես կարող հայտնել: Դա գործում էր մինչեւ ընտրության օրը: Ընտրությունից հետո դու այլ կարգավիճակ ես ստանում, արդեն պատգամավոր ես եւ թեկնածուի հրաժարվելը դառնում է անիմաստ»: Նա ընդգծեց, որ դիմումները գրել են այն դեպքի համար, որ հնարավոր է՝ երկրից բացակայեն կամ հիվանդության պատճառով հնարավորություն չունենան աշխատել:

Սեյգեյ Բագրատյանը հույս հայտնեց, որ եթե օրինականությունը հաղթի, կդառնա պատգամավոր. «Ավելի շատ վիրավորանք կա, քան խաբված լինելու զգացում: Եթե մեկն իմ նկատմամբ անարդարացի որոշում է կայացրել, ես բոլոր քայլերին դիմելու եմ, ով ուզում է լինի»:

Սերգեյ Բագրատյանը քիչ հավանական է համարում, որ իշխանությունները կարող էին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ բանեցնել, ազդեին, որպեսզի նա գնա այսպիսի քայլի. «Չեմ կարծում: Եթե ազդեին, դուք այլ կազմ պետք է տեսնեիք, բայց այն կազմը, որ դուք տեսնում եք՝ 12 կանայք կարծեմ, դա չի խոսում ուժեղ կազմի մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից մանդատից հրաժարված 23 թեկնածուներից 11-ը ինքնաբացարկից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել եւ ցանկանում են ստանալ իրենց մանդատները: Նշենք, որ Սերգեյ Բագրատյանը պատգամավոր է ընտրվել Վայոց Ձորի մարզից: