Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կրակոցների հետևանքով ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ է եղել նաև Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, ով, ըստ նախնական տեղեկութունների՝ վնասվածքներ չի ստացել, իսկ Կ. Ղազարյանը 3 հատ ոստքին, և մեկ հատ ուսի շրջանում է վնասվածքներ ստացել:

Երևանից դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ , ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ու ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը արդեն ունեն օպերատիվ տվյալներ, թե ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից են կրակոցներ արձակել գյուղապետի ուղղությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մեկ հատ պարկուճ: