«Ես ուղղակի չեմ հասկանում այդ օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սասանելու այս սևեռուն գաղափարը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով մի շարք դպրոցների օպտիմալացման ծրագրին։

Նա նշեց, որ Երևանում կարելի է դպրոցներն օպտիմալացնել, բայց երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի արած հերթական հայտարարությունն ու հանձնարարությունը չափազանց մտահոգող են։

ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Արմինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ որպես քաղաքացի՝ կարծում է, որ, եթե գյուղերն իրարից շատ հեռու չեն, դպրոցներում շատ քիչ աշակերտներ են սովորում, կարող են պահել մեկ դպրոց, ունենալ տրանսպորտային միջոց, որով երեխաները կտեղափոխվեն դպրոց։ Այդ դեպքում, ըստ նրա, որևէ կերպ չեն վտանգվի մարզերը, երեխաները. «Վերջապես շատ ավելի ցանկալի է, որ դասարանում լինեն ոչ թե 3, 4, այլ 10, 15 և ավելի աշակերտներ»։

Անահիտ Բախշյանը հավելեց, որ այսօր էլ բյուջեով տրանսպորտային ծախսեր նախատեսվել են տարբեր մարզերի համար՝ երեխաներին տեղափոխելու համար, բայց հարկավոր է իմանալ, թե ինչ է կատարվում իրականում. «Այդ մեքենաներն օրը մեջ փչանում են, օրը մեջ շարքից դուրս են գալիս, ձյուն է, չեն գնում, անձրև է, չեն գնում, և գյուղը դատարկվում է, որովհետև, եթե գյուղը դպրոց չունեցավ, ոչ մի ծնող չի մնա այդտեղ։ Հետևաբար՝ փոխանակ մտածեն՝ ինչպես զարգացնեն այդ գյուղը, ինչպես ուժեղացնեն ինֆրաստրուկտուրաները, մարդիկ կպնեն այդ հողին, գյուղին, մտածում են՝ դպրոց փակեն»։

Արմինե Հովհաննիսյանն, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, ասաց, որ ՀՀԿ ծրագրում տեղ են գտել արդեն իսկ սկսված աշխատանքների շարունակությունը, ինչպես նաև նոր ծրագրեր։ Նա ներկայացրեց կատարված աշխատանքները՝ խոսելով այն մասին, որ քաղաքում այլևս գոյություն չունեն չջեռուցվող գրադարաններ, դպրոցներ, մասնակի և հիմնովին նորոգվել է 140 մանկապարտեզ, ծրագիրը շարունակվելու է, նախադպրոցական հիմնարկների հերթերը գրանցվում են էլեկտրոնային եղանակով։

«Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանն անդրադարձավ կրթության քաղաքականացվածության հարցին՝ նշելով, որ ծրագրում հստակ գրված է՝ Երևանի ավագանիում կձևավորվի համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից ընտրական պրոցեսին ապօրինի միջամտության ահազանգերը, կտրվի օրենքին համապատասխան լուծում։ Նա նշեց, որ «Հանրակրության մասին» օրենքում շատ հստակ գրված է՝ քաղաքական քարոզչությունն արգելվում է։

«Երբ տնօրեններն, ովքեր աշխատանքի ժամին հեռախոսով պատմում են իրենց հավաքագրած ցուցակների մասին, խախտում են օրենքը, ապօրինի գործունեություն են անում։ Էլ չեմ ասում այն ապօրինության մասին, երբ մարդուն հավաքագրում են և ասում՝ դու պիտի ընտրես այսինչին, այսինքն՝ ազդում են քվեարկության վրա։ Սրա ուսումնասիրությունը մեզ համար շատ կարևոր է լինելու, և մենք այս ուղղությամբ լուրջ գործունեություն ենք ծավալելու»,- ասաց նա։ Արմինե Հովհաննիսյանն էլ նշեց, թե «Կուսակցությունների մասին» օրենքում նշված չէ, որ դպրոցի տնօրենն իրավունք չունի կուսակցության անդամ լինել, ինքը ևս տնօրեն է, աշխատանքի ժամին չեն զբաղվում կուսակցական գործունեությամբ։

Անդրադառնալով մանկապարտեզներում էլեկտրոնային հերթագրմանը՝ Անահիտ Բախշյանն ասաց, որ ցուցակները պետք է հրապարակվեն յուրաքանչյուր մանկապարտեզի կայքում, յուրաքանչյուր ծնող պետք է կարողանա սեղմել և տեսնել իր երեխայի հերթագրման առաջխաղացումը, ինչն այսօր չկա. «Ինչո՞ւ չկա։ Եթե տեխնիկական բազայում կա, ինչո՞ւ չեք դնում։ Եթե ամեն ինչ թափանցիկ է, մաքուր է, ճիշտ է, անկաշառ է, դրեք, թող ամեն ծնող, լրագրող իմանա՝ որ մանկապարտեզում քանի երեխա է հերթագրված»։

Անահիտ Բախշյանի գնահատմամբ՝ նախադպրոցական որոշ հիմնարկներում խմբերի երեխաների թիվն անթույլատելի է. «Խմբեր կան, որտեղ 3 տարեկան 40-42 երեխա են։ Կանոնադրությամբ ամենաշատը 30-ն է թույլատրվում, բայց մի դաստիարակ կա, ստանում են նվազագույն աշխատավարձ։ Այդ մարդկանցից ինչպե՞ս պահանջես երեխաների դաստիարակություն, խնամք, ամեն ինչ»։