Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել մայիսի 13-ին ուշ երեկոյան որդու կողմից ծնողներին դանակահարելու դեպքի մասին:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ մայիսի 13-ին ուշ երեկոյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել Երևանի բնակիչներ, ամուսիններ՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Կնոջ մոտ ախտորոշվել են «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր», ամուսնու մոտ՝ «ձախ այտի, բազկի, գոտկատեղի, ծոծրակի շրջանների ծակած-կտրած վերքեր»։ Պարզվել է, որ ամուսինները վնասվածքներն ստացել են տանը՝ որդու հետ վիճաբանության ժամանակ։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ ժամը 21:00-ի սահմաններում իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ որդին դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ է պատճառել նախ մորը՝ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ կրծքավանդակի շրջանում, ապա՝ դեպքին միջամտած հորը, այնուհետև ցած նետվել 6-րդ հարկից:

Մոր առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: 6-րդ հարկից ցած նետվելու հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նաև որդին՝ ոտքի շրջանում։

Տղայի և հոր կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: