Հայաստանի ԿԸՀ-ն այսօր՝ մայիսի 15-ին, իր նիստում հաստատել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել այդ արդյունքները, ըստ որի, Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաղթանակ է տարել Երեւանի ավագանու ընտրություններում։

Բոլոր 474 տեղամասերի տվյալների արդյունքների համաձայն, արդյունքներն այսպիսին են.

Հայաստանի հանրապետական կուսակցություն- 71,25 տոկոս կամ 240036 քվե

«Ելք» կուսակցությունների դաշինք- 21 տոկոս կամ 70731 քվե

«Երկիր ծիրանի կուսակցություն- 7,75 տոկոս կամ 26109 քվե

Անճշտությունների թիվը կազմել է 46:

ԿԸՀ նախնական տվյալներով, մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40,99%-ը:

Քաղաքային իշխանություններում տեղերի համար պայքարում էին երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք» ընդդիմադիր դաշինքը ու վերջերս ստեղծված «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Ավագանին, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ձայների մեծամասնությամբ կնշանակի Երեւանի քաղաքապետին։ Քաղաքապետի թեկնածուներն են համամասնական ցուցակների առաջին համարները՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), նոր գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը («Ելք» դաշինք) ու «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։