«Ժամանակ» թերթը գրում է. «ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքը, ըստ որի՝ առաջատարը ՀՀԿ-ն է՝ 71 տոկոսով: Հաշվի առնելով Հայաստանի ընտրական գործընթացի առանձնահատկությունները՝ այդ արդյունքը ամենևին անսպասելի համարել չի կարելի:

Այստեղ ուշագրավ է այլ բան: Մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ն հավաքեց կամ հավաքագրեց 49 տոկոս ձայն: Երևանի քաղաքապետի ընտրությանը այդ ցուցանիշը փաստացի կրկնապատկվել է: Ընդ որում, այն գործնականում կրկնապատկվել է ոչ միայն խորհրդարանի ընտրության համեմատությամբ, այլ նաև Երևանի քաղաքապետի նախորդ ընտրությունների: Այդպիսով, վիճակագրական այդ ցուցանիշների ներքո ստացվում է քաղաքական կամ ավելի շուտ՝ ներիշխանական, ներկուսակցական բավական հետաքրքրական շերտ: Խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ դեմքն, այսպես ասած, Կարեն Կարապետյանն էր՝ այդ կուսակցության և ընդհանրապես իշխանության համար աննախադեպ բարձր վարկանիշով: Խոսվում էր նույնիսկ 80 տոկոսի մասին: Հետաքրքրական է, որ նույն ժամանակահլստվածում Տարոն Մարգարյանին վերագրվում էր 60 տոկոս: Այժմ ստացվում է, որ Մարգարյանի ցուցանիշը մեկուկես ամիս անց աճել է մոտ 10 տոկոսով:

Հետաքրքիր է, թե ինչպիսի վիճակում է մեկուկես ամիս անց Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշը: Զուտ կուսակցական արդյունքի առումով Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կամ «դիմանկարով» անցկացված ընտրական գործընթացում։ ՀՀԿ-ն հավաքեց կրկնակի պակաս, քան Տարոն Մարգարյանի «դիմանկարով» գործընթացում: Ինչ խոսք, ընտրական տրամադրության և մթնոլորտի առանձնահատկությունների էական տարբերություններ կան խորհրդարանի համապետական և ավագանու ՏԻՄ մակարդակներում, եթե անգամ խոսքը Երևանի ավագանու մասին է, սակայն ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանը ստանում է «վարկանիշային ուժեղ» մրցակից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։