Hayeli.am-ը գրում է.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցից հետո հնարավոր է նախարարների հանդիպում տեղի ունենա: Մամեդյարովն ասել է, որ հանդիպումը սկզբունքորեն հնարավոր է:
Ավելին, Մամեդյարովը, կարծիք է հայտնել, թե «Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների հանդիպման տրամաբանությանը հետևելով՝ ձևավորվել է այնպիսի տպավորություն, որ զորքերի դուրսբերումը խաղաղության փոխարեն, կամ տարածքները խաղաղության փոխարեն հնարավոր է»:
Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ հունիսին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, իսկ դրանից հետո, եթե անհրաժեշտ լինի, տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Պաշտոնական Բաքուն որդեգրել է մի կեցվածք, որի հիմքում բացառապես ինչ-որ բան ասելն է, և կապ չունի, որ ասածը` 1000-րդ անգամ կրկնություն և որ ամենակարևորն է` կապ չունի կարգավորման գործընթացի սկզբունքների ու կարգավորման փիլիսոփայության հետ:
Ինչ է թաքնված` «զորքերի դուրսբերումը խաղաղության փոխարեն, կամ տարածքները խաղաղության փոխարեն հնարավոր է» նախադասության տակ: Այն ամենն ինչ ասում է պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ` ««գրավյալ տարածքներն ազատենք», որից հետո նստենք բանակցենք…»:
Սա ասվում է անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ Ադրբեջանը, որպես բանակցող գիտի, որ տարածքների վերադարձի հարց այն ձևով, ինչպես պատկերացնում է պաշտոնական Բաքուն` չի լինելու:
Ինչի՞ դիմաց պետք է հայկական կողմը զիջի տարածքներ` խոստման, որ Բաքուն այլևս սադրանքների չի՞ դիմելու, թե՞ Ալիևի երդումներ են ավելի արժանահավատ լինելու: Ավելին, Բաքվին ձեռնտու չէ խոստովանել ոչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ոչ ինքնորոշման սկզբունքների մասին:
Պաշտոնական Երևանը երեկ արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը: «Ապրիլի 28-ին արտգործնախարարների եռակողմ հանդիպման բովանդակությունը ներկայացված է Հայաստանի և ՌԴ արտգործնախարարների կողմից հրապարակված հաղորդագրության մեջ: Ակնկալվում էր, որ նույն բովանդակությամբ հաղորդագրություն պետք է հրապարակի նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը, որը տեղի չունեցավ, և տրամաբանական է, որ նրանք պետք է հանդես գային այլևայլ մեկնաբանություններով»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը խոսում է տարածքների վերադարձի մասին: Տ. Բալայանն այս առումով նշել է, որ երբ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները խոսում են բանակցությունների մասին, այնպիսի տպավորություն է, որ իրենք իրենց հետ բանակցել են, համաձայնության են եկել, եզրահանգումներ կատարել:

Նյութի աղբյուրը՝ Hayeli.am