Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի թեկնածությունը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ եւ Խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, Արա Բաբլոյանի թեկնածությունն առաջադրել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Շարմազանովը հայտնեց, որ ԱԺ փոխնախագահների պաշտոններում առաջադրելու են իր եւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները։

ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը։

ՀՀԿ-ն նաեւ առաջարկելու է այժմ գործող 12 մշտական հանձնաժողովները կրճատել եւ դարձնել 9-ը։ Հանրապետականին այդ դեպքում բաժին կհասնի վեց հանձնաժողով։

Ֆինանասաբյուջետային հանձնաժողովը կգլխավորի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանը, Ներքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ Հակոբ Հակոբյանը։