Lragir.am-ը գրում է.

Եվ այսպես, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանին կփոխարինի Արա Բաբլոյանը: Երկուսն էլ պատկառելի տարիք ունեն, եւ այդ իմաստով ԱԺ նախագահի պաշտոնում «սերնդափոխություն» չեղավ, թեեւ ավելի վաղ տրվում էին մի շարք երիտասարդ ՀՀԿ-ականների՝ Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի անունները:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը նրանց չվստահեց այդ գործը, այն առումով, որ նոր ԱԺ-ում սերնդափոխություն որպես այդպիսին չկա, ընդամենն ավելացել է երիտասարդների թիվը: Տարիքը դեռ չի նշանակում սերնդափոխություն, քանի որ այդ երիտասարդները, նախ, մանդատ են ստացել համակարգային խաղի կանոններով, եւ երկրորդ՝ նրանք բոլորը կողմ են ԵՏՄ-ին ու Ղարաբաղը հանձնելուն: Այսինքն՝ «հին ոգու» մեջ են:
Բացի այդ, ԱԺ-ում նշանակալի ներկայություն ունեն քրեա-օլիգարխիան եւ «հին ոգին», եւ երիտասարդներն ընդունակ չէին լինի «կառավարել» նրանց: Նրանց անհրաժեշտ է ակսակալ, որպեսզի «զապադլո» չլինի նիստերին ներկայանալը, նրանց ասելով քվեարկելը եւ այլն:
ԱԺ նախագահի նշանակման հարցում կա մի խիստ հատկանշական հանգամանք. Գալուստ Սահակյանը մանկավարժ է, Արա Բաբլոյանը՝ մանկաբույժ: Արդյոք նաեւ այս հանգամանքն է հաշվի առել Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ Հայաստանում քաղաքականություն ու քաղաքական գործիչներ որպես այդպիսին չկան, կան տարբեր մարդիկ, որոնք ինքզինքը համարում են այդպիսին: Հայկական քաղաքական դաշտը խորհրդարանից խորհրդարան դեգրադացիա է ապրում, եւ Գալուստի օրոք արդեն կար մանկավարժի անհրաժեշտությունը:
Նոր խորհրդարանը հայկական քաղաքականության ու քաղաքական համակարգի դեգրադացման թվում է անվերջանալի ընթացքի հերթական հանգրվանն է, որին բնորոշ է լինելու, դասականի լեզվով ասած, «մանկական հիվանդությունը»: Եվ այստեղ անհրաժեշտ է ոչ թե պարզապես բժիշկ, այլ մանկաբույժ:
Հաջորդ խորհրդարանի նախագահի պաշտոնի համար հիմիկվանից պետք է պատրաստել հոգեբույժի, քանի որ պերմանենտ դեգրադացիայի իրավիճակում, երբ իրականում չկա սերնդափոխություն մտածողության ու մոտեցումների առումով, այլ միայն վերարտադրություն, մեծանում է մարդկանց ինքնագնահատականի ու երեւույթների արժեւորման անհամարժեքությունը:
Փորձառու մանկաբույժ Արա Բաբլոյանի նշանակումը նոր խորհրդարանի որակների ու մոտիվացիայի տեսանկյունից ճիշտ էր ու համարժեք, թերեւս միակ ճիշտ որոշումը տվյալ քաղաքական իրավիճակում:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am