«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նորեկները երեկ, ընդմիջման ժամին, շփոթված այս ու այն կողմ էին գնում, փորձում էին պարզել, թե ուր են ընկել։ Շատերի աշխատասենյակների հարցը դեռ լուծված չէ, Ֆելիքս Ցոլակյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ողջ օրն իրարից անբաժան էին, միասին շրջում էին, աշխատասենյակի հարցերով դիմում ԱԺ աշխատակազմ։

Աշխատասենյակներից ոչ բոլորի վրա էին փակցված ցուցանակները, ինչը նշանակում է, որ երեկվա դրությամբ դեռ հարցը լուծված չէր։

ՕԵԿ խմբակցության բավականին ընդարձակ սենյակը, որի համար, ի դեպ, պայքար էր գնում, բաժին է հասել Սամվել Նիկոյանին։ Շմայսի երեք սենյականոց աշխատասենյակը՝ խորհրդարանի «ամենաաշխատասեր» պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Դեռեւս ցուցանակ չկար Ալեքսանյանի անուն-ազգանունով, սակայն ներսում գտնվող աշխատակիցներից մեկը հայտնեց այդ մասին։

ԱԺ նախկին արտոնյալներին նորերն են գումարվել։ Երեկ ուղեկցողներով էին շրջում նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Կոստանյանը լրագրողներին պարզաբանում էր, որ նախկին կարգավիճակն է դա պահանջում։

Ի դեպ, լրագրողների հետ շփվում էր անգամ ՍԱՍ-ի Արտակը, նա այլեւս չէր փախչում, պատասխանում էր իրեն ուղղված հարցերին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում