Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Ղարագյոզյանի հրաժարականի դիմումները ընդունված համարվելու դեպքում նրանց խորհրդարանում կփոխարինեն նույն ընտրական տարածքներում նրանցից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները:

Թիվ 7 ընտրական տարածքում Խաչիկ Մանուկյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Լյովա Խաչատրյանն է, ով, սակայն, ընտրությունների արդյունքներով ստացած մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, որն ընդունվել է: Այս պարագայում Խաչիկ Մանուկյանի մանդատը բաժին կհասնի Նորա Առուստամյանին, ով թիվ 7 ընտրատարածքում երրորդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է: Նորա Առուստամյանը հավաքել է 4773 ձայն:

Թիվ 1 ընտրական տարածքում Արտյոմ Ծառուկյանից հետո ամենաշատ ձայներ հավաքել են Արթուր Մամոյանը (5612) Ալիկ Եղիկյանը (2388), Արման Աբովյանը (1583), Արայիկ Կեսոյանը (1485), սակայն նրանք ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ, որոնք ընդունվել են: Տվյալ պարագայում Արտյոմ Ծառուկյանի մանդատը բաժին կհասնի Գևորգ Պետրոսյանին, ով թիվ 1 ընտրատարածքում հավաքել է 1120 ձայն:

Թիվ 3 ընտրատարածքում Հարություն Ղարագյոզյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Կարեն Առաքելյանն է (3653), ով նույնպես ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ: Հետևաբար` Հարություն Ղարագյոզյանի մանդատը կստանա Հակոբ Նազարյանը, ով թիվ 3 ընտրատարածքում հավաքել է 3569 ձայն:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը մայիսի 19-ին հրաժարականի դիմումներ են ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Եթե պատգամավորները մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնեն ինքնաբացարկի դիմումները, դրանք կհամարվեն ընդունված: