Տավուշի մարզի ամուսնացած կնոջն առեւանգելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Նարեկն ու Ալիկն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

NEWS.am-ի հետ զրույցում մեղադրյալների պաշտպան Աննա Մեժլումյանը նշեց, որ առեւանգելու մտադրություն իր պաշտպանները չեն ունեցել:

«Այդ կինն ամուսնացած է, երեխա ունի: Նարեկին կանչել է իր տուն, հետո էլ հայտարարել է, թե փորձել է իրեն առեւանգել: Նման բան, սակայն, չի եղել: Ալիկն էլ ճանապարհին տեսել է Նարեկին եւ նստել է նրա մեքենան»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ տուժող ճանաչված կինը Հայաստանում չէ: Աննա Մեժլումյանի խոսքով, հետեւաբար, նրան լսելու հնարավորություն չունեն:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկն ու Ալիկն «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով ապօրինի մուտք են գործել ամուսնացած կնոջ տուն, հարվածել նրան, տնից հանել եւ մոտ 30 մետր բռնի կերպով տեղափոխելով փորձել են նստեցնել մեքենա, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Նարեկին եւ Ալիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 147-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: