«Իրատես» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած խորհրդարանական խմբակցությունը «կրակն» են ընկել: «Ձեւով` ընդդիմություն, բովանդակությամբ` իշխանություն» երկընտրանքի մեջ այս ուժը մերթ աջ է խփվում, մերթ` ահյակ, քանզի չգիտե ինչպես իրեն դրսեւորել` միանալ «Ելքին» եւ հանրությանը ներկայանալ ընդդիմադի՞ր, թե՞ պահպանել երբեմնի «այլընտրանքի» կարգավիճակը: Ասել է` այլընտրանք եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմությանը, փաստորեն, անհայտ կարգավիճակ:

Առավել ուշագրավ են «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» հարաբերությունները: Վերջինս հրապարակավ ամեն կերպ փորձում է «Ծառուկյան» խմբակցությունը բերել ընդդիմադիր դաշտ, որպեսզի իրենց օրենսդրական նախաձեռնությունների համար առավել պատկառելի ձայներ ապահովեն ու, ի վերջո, ցույց տան, որ իրենք կողմ են խորհրդարանական ընդդիմության միասնականությանը:

Սակայն սա ընդամենը մեդալի մի երեսն է: Իրականում, մեր տեղեկություններով, «Ելքում» բավականին քամահրանքով են խոսում ընդդիմադիր այս ուժի մասին եւ հայտարարում, թե որքան նրանց «դեմքը» հանրությանը պարզ դառնա, այնքան իրենք կշահեն ու կհամարվեն միակ ընդդիմություն: Ի դեպ, «Ելք»-ականները չեն բացառում, որ ինչ-որ պահի կարող է եւ քաղաքական բախում լինել նրանց միջեւ, քանզի անդրանիկ նիստը ցույց տվեց, որ ընդդիմադիրների համագործակցությունը շատ դժվար է ստացվելու:

Մյուս կողմից էլ, Գագիկ Ծառուկյանի թիմում «Ելքն» ընդունված չէ: Անկախ այն հանգամանքից, որ Ծառուկյանի սիրտը հեչ դեպի ընդդիմություն չի «քաշում», նրանք հատկապես «Ելքի» հետ չեն ցանկանում միեւնույն կաթսայում «եփվել»:

Բացի այդ, «Ծառուկյան» խմբակցության անդամները խիստ անհարմար վիճակում են հայտնվում, երբ ընտրում են ոչ թե «Ելքին», այլ իշխանությանը: Երկու քարի արանքում հայտնված այս ուժը թե որքան կարող է դիմակայել իշխանությանը եւ «Ելքի» ընդդիմանալու պահանջներին, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ խորհրդարանում պատկառելի ներկայացվածություն ունեցող այս թիմը բնավ ցանկություն չունի մյուս ընդդիմադիր գործընկերոջ հետ նույն «թելը թելելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում