Ամուսնու կողմից կացնահարված 38-ամյա Թագուհի Մանսուրյանը ամուսնանալուց հետո բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Հիշեցնենք՝ անցած տարի Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջը։

Առաջին հղիության ընթացքում նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո հրաշքով է կարողացել փրկել երեխայի կյանքը:

«2014թ., երբ հղի էի առաջին անգամ, ծեծեց ինձ, դանակով պետք է էս երեխուն սպաներ, հազիվ եմ փրկվել: Հետո ասացի՝ լավ բարկացել է, խփել է, ոստիկանություն չդիմեցի: Մտածում էի՝ ընտանիքս փրկելու մասին, որը եղավ ինձ համար ճակատագրական»,-պատմում է բռնության ենթարկված Թագուհի Մանսուրյանը:

Երկրորդ հղիության ժամանակ նախկին ամուսնու կողմից ծեծի ենթարկվելը Թագուհի Մանսուրյանի համար ճակատագրական է եղել. «2015թ. փետրվարի 25-ին ծեծի ենթարկվելուց հետո արյունահոսություն սկսվեց մոտս, ինձ շտապօգնությունով տարան հիվանդանոց եւ պարզվեց, որ բալիկի եմ սպասում: 7 շաբաթական երեխուս կորցրեցի, մոտս ներքին արյունահոսություն էր սկսվել, այսինքն՝ իմ կյանքին էլ էր վտանգ սպառնացել: Դրանից հետո եկավ ասաց՝ երեխուն փռթել, հանել ես, որ գլխիս գործ սարքես: Եթե գործ սարքող լինեի, առանց դրա էլ կսարքեի»:

Երեխային կորցնելու հետո Թագուհի Մանսուրյանը որոշում է կայացրել ամուսնալուծվել, սակայն, չի կարողացել ազատվել հետապնդումներից: Ավելին՝ Վլադիկ Մարտիրոսյանը ոչ միայն Թագուհու, այլեւ նրա ընտանիքի անդամներին է սկսել անհանգստացնել. «Երեխայի տեսակցությունների շուրջ ծագած վիճաբանությունները շարունակվում էին: Չնայած, որ երեխայի ծնվելուց հետո նա հրաժարվել էր, ասել էր՝ մանկատուն տարեք, ինձ պետք չէ...այս ամուսնությունը ճակատագրական եղավ իմ ընտանիքի համար՝ կացինով հարձակվեց ու սպանեց մորս, ծանր վնասվածքներ հասցրեց ինձ ու հորս»:

2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջը, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Վլադիկ Մարտիրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: