Եթե պիտի գնան արտասահման սովորելու, ապա Հոլանդիայից էլ են գնում, Անգլիայից էլ են գնում: Հայաստանում ԲՈւՀ-երի կրթության որակի բարձրացման մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:

«Հայաստանում պարտավոր ենք ունենալ եվրոպական միջին որակի համալսարանական կրթություն, դա պարտադիր է, դրա համար սեպտեմբերին բարձրագույն կրթության օրենքը պիտի մտնի: Այդտեղ տարանջատում ենք. համալսարաններ կարող են կոչվել այն ուսումնական հաստատությունները, որոնք կունենան առնվազն 4 ոլորտում գործունեության ծրագիր, մնացածները կկոչվեն ինստիտուտներ»,- տեղեկացրեց Լևոն Մկրտչյանը:

Նա խոսքով՝ այդ դեպքում Մանկավարժական ինստիտուտն իր մոտ չի դնի կադաստրային գործ, այլ կզբաղվի մանկավարժությամբ, լեզուներով, Ճարտարագիտականը՝ միայն ճարտարագիտությամբ:

«Երբ որ մենք խոշորացնենք և հստակեցնենք, ապա ամբողջ Հայաստանը կդիտարկենք որպես մեկ միասնական կրթական հաստատություն: Հայաստանում ունենք ընդամենը 90 հազար ուսանող: Դա միջին եվրոպական համալսարանի ուսանողների քանակ է: Եթե մենք այդ համալսարանները հստակեցնենք և բացենք դրանց լաբորատորիաները, գրադարանները, դասախոսներին և ուսանողներին հանենք շրջագայության, իրենք կկարողանան ապահովել բոլորի համար կրթական որակ: Այդ դեպքում ուսանողը կկարողանա բացի իր ինստիտուտում ուսանելուց, այլ տեղից ստանալ մոտ 30-40 տոկոս կրեդիտ: Այսինքն՝ Հայաստանի փոքրությունը մեր առավելությունն է»,- վստահեցրել է կրթության և գիտության նախարարը:

Նրա խոսքով՝ այդ դեպքում կստանանք ուսանողների համալսարանական շրջագայություն, «մոբիլիթի», եթե դա արվի, ապա հնարավոր կլինի ռեսուրսները ճիշտ օգտագործել, և, ըստ նախարարի՝ ամենակարևոր առաջին քայլը կատարված կլինի որակի առումով: Հետո արդեն կորոշվի, թե մեր երկրին ինչ է անհրաժեշտ:

«Եթե միայն մեր երկրին պետք է սպասարկենք՝ այդ դեպքում այս տխուր վիճակը, որ ունենք, կպահենք, որովհետև այսօր մեր բակալավրական կրթության 70 տոկոսը հումանիտար է, եթե մենք պետք է պաշտպանություն ունենանք, գիտություն ունենանք, պետք է կարողանանք Ատոմակայան պահել, ուրեմն պետք է կարողանանք ուժեղացնել մեր գիտությունը՝ դպրոցից մինչև համալսարան»,-պարզաբանեց Լևոն Մկրտչյանը:

Անդրադառնալով մասնավոր ԲՈւՀ-երին՝ նախարարը վստահեցրեց, որ դրանց պետք է դնել ընտրության առաջ՝ կամ պետք է որակը պահեն կամ կրճատվեն: Կրթության նախարարությունը պետք է խրախուսի, որ մասնավոր ԲՈւՀ-երը միավորվեն:

«Իրենք պետք է հասկանան, որ 200 ուսանող ունեցող համալսարանում չի կարող որակ լինել: Կարող ենք 3, 4, 5 լավ մասնավոր համալսարան ունենալ, չի կարող երկրում մասնավոր ԲՈւՀ չլինել»,-նշեց Լևոն Մկրտչյանը: