Hayeli.am-ը գրում է.

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դավաճանությունները շարունակվում են: ԼՂ խնդրին անդրադառնալով, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է այն մոտեցումներին, որոնք ձեւակերպված են Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով. «Մենք, որպես Մինսկի խմբի մասնակից, որպես պատասխանատու պետություն, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, հավատարիմ ենք այն մոտեցումներին, որ ձեւակերպված են Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ վարչապետը՝ ասելով նաեւ, որ կողմ է խաղաղության հաստատմանը: Հիշեցնենք, որ 1993-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված հայտնի չորս բանաձեւերին այս տարիներին գումարվել են նորերը: Վերջիններից մեկնն աննախադեպ է իր հակահայկական բովանդակությամբ:Խոսքը 2008-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւի մասին է, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական պատվիրակության կողմից: Բանաձեւում նշված է. «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում»: Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեմ հանդես եկան այդ բանաձեւին՝ առաջնորդվելով խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքներով՝ <<Կարգավիճակ, անվտանգություն և տարածքներ>>, որոնցից,սակայն, միայն տարածքային ամբողջականության սկզբունքն է պաշտոնական Բաքվի համար ընդունելի: Իսկ այսօր ոչինչ չխանգարեց ՄԽ համանախագահող ՌԴ վարչապետին հայտարարելու, թե իր երկիրը հավատարմիմ է ՄԱԿ-ի կողմից ձեւակերպված մոտեցումներին,ուստի դրանց թվում նաեւ վերոնշյալ բանաձեւին: Իսկ սա նշանակում է, որ Ղարաբաղը մեր ռազմավարական դաշնակցի համար դիտարկվում է իբրեւ ադրբեջանական տարածք: Նկատի ունենալով, որ Մինսկի խմբի գործող ձեւաչափում կողմերը դեռեւս չեն փոխել երեք հիմնարար սկզբունքները, կնշանակի, որ Ռուսաստանին պետք է դուրս հրավիրել այդ խմբից, քանի որ նա, փաստորեն, հավատարիմ չէ ձեւաչափին: Ղարաբաղյան սահմանագծում ստեղծված իրադրության առաջին օրից մինչեւ օրս Ռուսաստանի պահվածքը շատերի մոտ է առհասարակ կասկածներ առաջացնում՝ ո՞ւմ է ավելի շատ բարեկամ, Հայաստանի՞ն, թե Ադրբեջանին:
Նախ դրեւորվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պարիտետ պահպանելու Ռուսաստանի դիրքորոշումը, որը ռուսահպատակները բացատրում էին, թե Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ-ի կողմից պաշտպանության ենթակա սահմանների մեջ, իսկ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության պայմանագիրը վերաբերում է Հայաստանին, այլ ոչ թե ԼՂՀ-ին։ Ընդունենք այդպես է, այդ դեպքում ինչո՞ւ ՌԴ-ն կրակը դադարեցնելու կոչը չէր ուղղում ոչ թե Երևանին և Բաքվին, այլ Ստեփանակերտին և Բաքվին։ Իսկ եթե կոչի հասցեատերը Հայաստանն է, ուրեմն արդարացումնեն ավելորդ են։ Կամ անտեսելով Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, որոնց մասին բացահայտ հայտարարություններ եղան, Ռուսաստանը հայտարարեց, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման թիկունքում որևէ երրորդ ուժի, այդ թվում նաև Թուրքիային, չի տեսնում՝ Հայաստանին մեն-մենակ թողնելով թուրք-ադրբեջանական բացված երախի դեմ։ Կարծես թե հասկանալի է դառնում, որ Ռուսաստանի ակնկալիքները միայն Ադրբեջանից չեն, որի համար պաշտոնական Մոսկվան հավատարմություն է հայտնում <<տարածքային ամբողջականությունը>> գերապատվող ադրբեջանական կողմի համար պաշտելի մոտեցումներին՝ թերեւս հույս ունենալով Ադրբեջանին քարշ տալ ԵԱՏՄ, այլեւ հեռահար ակնկալիքներ կան Թուրքիայի հարցում,ու թերեւս այդ պատճառով է, որ վերջինին չի դիտարկում իբրեւ թաքնված ագրեսոր:
Ակնհայտ է,որ Ռուսաստանը այսկերպ ժեստ է անում Թուրքիային՝ ցուցադրելով երկկողմ հարաբերությունների վերականգնմանն առիթ դարձնելու ցանկությունը։Ադրբեջանը պարզապես կարող է այդ հարցում Թուրքիային ծառայություն մատուցել, մանավանդ որ ինքն է շահագրգռված Անկարայի և Մոսկվայի միջև միջնոդ դառնալու հարցում։ Արդյունքում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի շահերի համընկնում, որը, բնականաբար, Հայաստանի դեմ է:

Նյութի աղբյուրը՝ Hayeli.am