1in.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանը կարծես թե սկսել է վարչապետ Կարեն Կարապետյանին բացահայտորեն անլուրջ վերաբերվել: Մայիսի 18-ին Ազգային ժողովում նոր խորհրդարանին հղած իր երկարաշունչ ելույթի մի հատվածը Ս. Սարգսյանը նվիրեց Հայաստանի տնտեսության անցյալին ու հնարավոր հեռանկարներին: Անդրադարձ կատարելով մինչև հեռավոր 2040 թվականը՝ նա հայտարարեց, թե «2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ-ի աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ-ի ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ»: Իհարկե, 2016թ. վաղուց անցել է պատմության գիրկը, և ՀՀ տնտեսությունն այդ տարում գրանցել է ընդամենը 0․5 տոկոս աճ, որ բոլորովին աճ էլ չի, և անհասկանալի է, թե ինչու է նախագահն այդ թվից սկսում:

Բայց եթե ընդունենք, որ դա ընդամենը փոքրիկ վրիպակ էր, և նա 2016-ի փոխարեն նկատի է ունեցել 2017 թվականը, ապա դա էլ ակնհայտորեն մարտահրավեր էր նետած Կ. Կարապետյանին՝ չէ որ 2017թ. բյուջեով այս տարվա համար նախատեսված է ապահովել ընդամենը 3․2 տոկոս աճ: Ընդ որում այդ բյուջեին կողմ են քվեարկել Ս. Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության բոլոր պատգամավորները, որոնցից մեծ մասն այդ ելույթի պահին նորից դահլիճում էին: Այդ պահին պատգամավորների անմիջական հարևանությամբ իր նախարարներով ԱԺ դահլիճում նստած ու հավանաբար բոլորի նման իր նախագահի այդ խոսքերն էր ուշադիր լսում նաև Կ. Կարապետյանը: Ճիշտ է, նա այդ պահին չէր կարող որևէ կերպ հակադարձել կամ հիշեցնել, որ 2017թ. աճի համար իրենք այլ թիվ են նախատեսել, բայց մայիսի 18-ից անցել է մեկ շաբաթ, և վարչապետը որևէ կերպ չի անդրադարձել այդ հակասությանը: Նա կամ չի ընկալել այդ հակասությունը, կամ փորձում է ինչ-որ կերպ դրա տակից դուրս գալ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը տնտեսական աճի թեմային անդրադարձել էր մեկ էլ 2013թ. մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ: «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի տնտեսական 7 տոկոս աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»,- այդ ժամանակ ասել էր նա:

2014թ. փետրվարին պարզ դարձավ, որ կառավարությունը 2013թ ապահովել է կրկնակի պակաս՝ 3․5 տոկոս աճ: Իսկ ապրիլի 2-ին արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց: Ճիշտ է, Տ. Սարգսյանի հրաժարականի հարցում դեր խաղաց նաև այլ գործոն՝ ոչիշխանական եռյակի պայքարը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, բայց ՀՀԿ-ականները երբեմն հիշեցնում էին նաև Ս. Սարգսյանի 7 տոկոսանոց տնտեսական աճի պայմանը: Վերջինս, արդեն Կ. Կարապետյանի պարագայում 2 տոկոսով իջեցրել է իր այդ պայմանի չափը՝ այն դարձնելով 5 տոկոս: Բայց արդյո՞ք Կ. Կարապետյանը կկարողանա այդ թիվը ապահովել, թեև վիճվարչության տվյալներով այս տարվա առաջին եռամսյակին՝ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճը կազմել էր 6․6 տոկոս: Բայց արդեն հետագա ցուցանիշները գնալով տխուր պատկեր են բացահայտում:

Ճիշտ է, հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական աճը նորից բարձր է`մոտ 5.7 տոկոս, բայց դա տեղի էր ունեցել հատկապես այս տարվա առաջին ամիսների աճի շնորհիվ, երբ այս տարվա հունվարը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել էր 6.8 տոկոսով, փետրվարը՝ 6.4 տոկոսով, մարտը՝ 6.7 տոկոսով: Իսկ ահա ապրիլին, անցած տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է ընդամենը 3.4 տոկոս: Եվ անկման այդ միտումը կարող է պահպանվել նաև հետագա ամիսներին: Ի դեպ, ապրիլին երբ պարզ դարձավ, որ եռամսյակային կտրվածքով բավականին բարձր տնտեսական աճ է գրանցվել, տնտեսագետները շտապեցին մեկնաբանել, թե դա տեղի է ունեցել հիմնականում ընտրական գործընթացների շնորհիվ: Ընտրողներին բաժանված այդ 10-20 հազարական դրամները, կուսակցությունների ու ռեյտինգային թեկնածուների նախընտրական շտաբերի ահռելի ստվերային և բացահայտ ծախսերն իրենց արդյունքը տվել էին: Այդ շրջանում ու հատկապես ապրիլի 2-ի քվեարկությանը նախորդող մի քանի օրերին բանկային աշխատողները վկայում էին, որ իրենց մոտ գործարքների գումարները սրընթաց աճել էին:

Ընտրություններն անցան, այդ գումարները ծախսվեցին՝ վերջացան, ու մեր տնտեսությունը նորից ընկղմվեց անկումային տրամադրությունների մեջ: Այն մի փոքր կաշխուժանա թերևս ամառային ամիսներին, եթե եղանակը քմահաճ լինի մեր ու Կ. Կարապետյանի նկատմամբ ու թույլ տա, որ գյուղատնտեսությունը աճ գրանցի: Հակառակ պարագայում, անկումը կամ ընդամենն անցած տարվա աճի չափ աճ ունենալն անխուսափելի կլինի: Տարին կես եղավ, նրա խոստացած ներդրումների հետքն այդպես էլ չի երևում, հավանաբար չի էլ երևա, որովհետև ռուսաստանահայ մեր գործարարները նրա հրավերով ընդամենը եկան, խոստացան ու գնացին: Իսկ 2017թ. համար կառավարության կանխատեսած 3․2 տոկոս աճի հիմքում հավանաբար այդ ներդրումներն էլ էին ընկած: Հակառակ պարագայում կառավարությունը ոչ միայն աճի մասին չի կարող երազել, այլ պետք է մի կերպ իրեն ապահովագրի տնտեսության ազատ անկման հեռանկարից, ինչպես դա տեղի ունեցավ 2009թ.՝ գրանցելով 16 տոկոս անկում:

Իսկ ինչ վերաբերում է 2017թ. բյուջեում ամրագրված և Սերժ Սարգսյանի պահանջած՝ տնտեսական աճի ցուցանիշների միջև եղած տարբերությանը, ապա այն կարող է հետաքրքիր զարգացումներ ապահովել: Ակնհայտ է, որ Կ. Կարապետյանը չի կարողանա այս տարի ապահովել իր խոստացած 850 մլն դոլարի ներդրումները, ինչը կնպաստեր տնտեսական աճին: Եվ ակնհայտ է, որ իշխանության համար ընթացող ներիշխանական պայքարը գնալով ավելի սուր բնույթ է կրելու: Բոլորը պայքարելու են 2018թ. նույնպես արևի տակ տեղ ունենալ և պահպանել իրենց ներկայիս դիրքերը: Կարեն Կարապետյանն արդեն իսկ բացահայտ հայտարարել է, որ ցանկանում է մնալ այդ պաշտոնին նաև 2018թ., երբ խորհրդարանական կառավարման համակարգը կմտնի ուժի մեջ: Ավստրիայի հանրային ռադիոյին տված հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին՝ դուք պատրա՞ստ եք վարչապետ մնալ 2018թ. և դառնալ հանրապետության ղեկավար, նա պատասխանել է. «Պատրաստ եմ»:

Ահա հենց դրան էլ հետևեց Ս. Սարգսյանի ելույթը, թե մենք պետք է տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովենք: Այդպիսով ու տնտեսության ակտիվության արդեն անկումային թվերով Ս. Սարգսյանը կարծես թե Կ. Կարապետյանի համար 2018թ. հեռանալու նախադրյալներ է ստեղծում:

Նյութի աղբյուրը՝ 1in.am