NEWS.am-ը գրում է.

Երեւանի Մաշտոցի պուրակում՝ «Մարգարյան» հիվանդանոցին հարակից տարածքում, նախօրեին անցորդներից մեկը խորը այրվածքներ է ստացել, քանի որ առկա է եղել մալուխային գծերի փորված գետնուղի, բաց մալուխներ եւ տեղի է ունեցել գետնի տակով անցնող մալուխների կարճ միացում:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում: Այսօր՝ հունիսի 3-ին, ցերեկը NEWS.am-ի թղթակիցը եղել է դեպքի վայրում ու պարզել, որ փոսում ավազ ու քար է լցրած: Ըստ տարածքի բնակիչների՝ փոսը լցրել են միայն այսօր, ինչը նշանակում է, որ նախօրեին փոսը բաց է եղել եւ առկա են եղել բաց մալուխներ: Ի դեպ, տարածքում որեւէ զգուշացնող նշան մեր տեսախցիկը չի ֆիքսել:

Այս պահին դեռեւս հայտնի չէ՝ քրեական գործ հարուցվել է դեպքի վերաբերյալ, թե ոչ. այսօր շաբաթ է, ոչ աշխատանքային եւ պատկան մարմիններից այդպես էլ չհաջողվեց ստանալ հարցի պատասխանը:

Հիշեցնենք, որ տղամարդու մարմնի 50 տոկոսից ավելին այրվել է: Նա գտնվում է ծանր վիճակում, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am