Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները դեպքի վայրի պահպանություն են իրականացնում

Երեւանի Օհանովի 2-րդ շենքում մայիսի 29-ին երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում կրակոցներ են հնչել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանություն ահազանգած կինը պատմել է, որ անծանոթ մի տղամարդ հրացանով կրակում է իրենց դռանն ու պատուհանին:

Իրավապահները շենքի մոտ հայտնաբերել են որսորդական հրացանի պարկուճ: Նմանատիպ պարկուճ է հայտնաբերվել նաեւ շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ:

Ոստիկանները պարզել են, որ բնակարանատերերի որդին նույն օրը մի աղջկա հետ փախել էր: Իրավապահների տեղեկություններով տանտիրոջ որդու հետ աղջիկը կամավոր էր փախել, անգամ դա փաստող գրություն էր թողել տանը: Աղջկա հայրն էլ վրդովված կրակել էր տղայի տան դռանն ու պատուհանին:

Ոստիկանները 52-ամյա Սամվել Մ.-ին հայտնաբերել են դեպքից րոպենե անց, Մալաթիայի այգիներից մեկում: Նա ոստիկաններին է ներկայացրել կնոջ անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը:

Դեպքի հանգամանքները պարզվում են: