ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության եւ ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: Գերազանցության կենտրոնը Երեւանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եւ ֆրանսիական կազմակերպության միջեւ Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, որը տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի 08.03.2017 թվականին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ Հանրապետության նախագահի ներկայությամբ:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, պաշտոնատար այլ անձանց եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին: Այն կառուցվել է պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա եւ «Շնեյդեր էլեկտրիկ»-ի ու ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա:

Պատասխանատուների հավաստմամբ, տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել եւ ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին: Նորաբաց կենտրոնը օգտակար կլինի նաեւ էլեկտրամատակարարման ոլորտի կայացած աշխատակիցների համար։

Կենտրոնի բացման շրջանակներում տեղի է ունեցել նաեւ «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների միջեւ քառակողմ համաձայնագրի ստորագրման արարողությունը: