Lragir.am-ը գրում է.


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ վարչապետի հարցն առաջիկա հինգ տարիների համար լուծված է եւ այն որոշելու է ՀՀԿ-ն՝ խորհրդարանի ընտրության հաղթողը: ՀՀԿ խոսնակը տալիս է իրավիճակի քաղաքագիտական, դասական պատասխանը՝ եթե կա խորհրդարանի միանձնյա մեծամասնություն կազմող կուսակցություն, ապա այդ կուսակցությունն էլ կորոշի, թե ով է լինելու վարչապետը:


Բայց խնդիրն այն է, որ, երբ խոսվում է վարչապետի հարցի մասին, ապա այստեղ նկատի է առնվում անկասկած հենց ՀՀԿ հարցը, ոչ թե բուն վարչապետի: ՀՀԿ խոսնակը դա իհարկե պատկերացնում է հրաշալի: Վարչապետին որոշելու է ՀՀԿ-ն, դա հստակ է:


Բայց պարզ չէ, թե ո՞ր ՀՀԿ-ն, այսինքն ո՞վ է որոշելու ՀՀԿ-ում: ՀՀԿ-ում այժմ որոշում է Սերժ Սարգսյանը, ու թվում է, թե միանձնյա՝ Բաղրամյան 26-ում նստած, որոշում է, հետո գալիս Մելիք Ադամյան եւ հայտնում բոլորին: Գուցե այդպես է, բայց Բաղրամյան 26-ում որոշելիս էլ Սերժ Սարգսյանը հաշվի է առնում, թե այդ որոշմանն ինչպես են արձագանքելու Մելիք Ադամյանում նստածները, համենայն դեպս այդ շարքում նրանք, որոնք խոշոր կապիտալի եւ մարդկային ռեսուրսի ներկայացուցիչ գործատուներ են:


Նրանք Մելիք Ադամյանում ձայն չեն հանի, չեն ընդդիմանա, բայց կկուտակեն ներքին դժգոհություն եւ անվստահություն նրա հանդեպ: Հետեւաբար, թյուր է տպավորությունը, թե Սերժ Սարգսյանը կառավարում եւ որոշում է միանձնյա: Ընդ որում, այդպես չի արել նաեւ Ռոբերտ Քոչարյանը:


Ավելին, հենց դա է Հայաստանում իշխող համակարգի ուժն ու «երկարակեցության» գաղտնիքը՝ կայացվող որոշումներում հաշվի են առնվում բոլոր առանցքային ռեսուրսատերերի շահերն ու հնարավոր արձագանքը:


Նույնը լինելու է 2018 թվականի վարչապետի վերաբերյալ որոշման դեպքում: Իհարկե, հաշվի առնվելիք գործոնը միայն դա չէ՝ այսինքն ռեսուրսատերերի շահը: Հաշվի է առնվելու նաեւ արտաքին ուժային կենտրոնների վերաբերմունքը: Մյուս կողմից, սակայն, այդ կենտրոններն էլ գուցե ոչ աներկբա, բայց հաշվի կառնեն այն, թե որքանով է ներկայացվող թեկնածուն ունակ կառավարել ներքին ռեսուրսային «կնետրոններին» եւ որքանով է նրանց համար լեգիտիմ, ինչքանով է այդ լեգիտիմությունը հանրային լեգիտիմության աստիճանի հետ համադրելի, եւ այլն:


Բայց որոշման առանցքն անկասկած լինելու է ներհհկ-ական «կոնսենսուսը», դրա «ողնաշարը»:


Այդ տեսանկյունից, իրավիճակը ՀՀԿ-ում փոխվում է, ինչը պայմանավորված է Հայաստանի ծանր տնտեսական վիճակով: Այդ վիճակը պահանջում է խոշոր ֆինանսական ներարկումներ, ընդ որում ոչ միանվագ, այլ տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար՝ նավազագույնը, այն էլ առնվազն մի քանի տարի շարունակ, Հայաստանի տնտեսությունը «կոմայից» դուրս բերելու կամ դրանում հայտնվելու վտանգավոր շեմից հեռացնելու համար:


Այդ իմաստով, Հայաստանում ստեղծված է երկրորդ ՀՀԿ-ն, պայմանականորեն ՀՀԿ-ն: Դա Հայաստանի ներդրողների ակումբն է կամ այսպես ասած ՀՆԱ-ն, որ ձեւավորեցին վարչապետ Կարեն Կարապետյանն ու միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ռուսաստանահայ մոտ երեք տասնյակ գործարարներ:


Իրականում, Հայաստանի նոր վարչապետին որոշելու է ՀՆԱ-ն, ոչ թե ՀՀԿ-ն: Համենայն դեպս, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի գտել ՀՆԱ այլընտրանք: Նա իհարկե փնտրում է, հատկապես արաբական աշխարհում, որտեղ նրա առաջ չեն դնում կոռուպցիայի դեմ պայքարի կոշտ պայման, ի տարբերություն Արեւմուտքի: Եթե Սերժ Սարգսյանը կարողանա ձեւավորել Հայաստանի արաբ ներդրողների ակումբ կամ ՀԱՆԱ, նա կհանի վարչապետ Կարեն Կարապետյանին:


Առայժմ այդպիսի ակումբ չկա, իսկ փողի մեծ կարիքն անխուսափելի է: Դրա միակ ձեւակերպված աղբյուրը ՀՆԱ-ն է: Կա նաեւ առաջարկ ԱՄՆ-ից՝ 8 միլիարդ դոլար վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Բայց այդ առաջարկն իհարկե ավելի շուտ հիշեցնում է մրցույթ, բավական դժվար պայմաններով՝ պայքար կոռուպցիայի դեմ ու հավասար մրցակցություն: Այլ կերպ ասած պայքար ՀՀԿ դեմ: Ամբողջ հարցն այն է, որ Սերժ Սարգսյանն այժմ պատրաստ չէ դրան, քանի որ ՀՀԿ-ն նրան այժմ պետք է Կարապետյանների ՀՆԱ դեմ պայքարելու համար:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am